Լրահոս
Օրվա լրահոսը

Թերծանրաբեռնված առողջապահական հիմնարկները կօպտիմալացվեն. 2018-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 11:57

Խորհրդարանում այսօր քննարկվում է 2018-ի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը, որը ձեւավորվել է պատգամավորների առաջարկությունները նաեւ հաշվի առնելով:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ 111 առաջարկություն են ստացել:

Նախնական տարբերակից հետո 1.5 մլրդ դրամի փոփոխություն է եղել՝ կապված փոխարժեքի տատանումների հետ: Արամյանն ասաց, որ իրենք սեպտեմբերի 1-ի հաշվարկով էին ներկայացրել, բայց դրամ-դոլար եւ դրամ-եվրո փոխարժեքը փոխվել է 5-12 դրամով, ուստի փոփոխություն են կատարել նաեւ բյուջեում:

Կառավարությունը ներդրել է էլեկտրոնային առողջապահություն, որը հնարավորություն է տալու ավելի ճիշտ իդենտիֆիկացնել մատուցվող ծառայությունները: Արամյանն ասաց, որ շատ քաղաքացիներ բողոքում են պոլիկլինիկաներում մատուցվող ծառայություններից, իսկ էլեկտրոնային կառավարման միջոցով հստակ կտեսնեն, թե որոնք են այն առողջապահական հիմնարկները, որ թերծանրաբեռնված են եւ պետք է գնան օպտիմալացման: Մասնագիտական բժշկական ծառայության գծով ծախսերը շուրջ 170 մլն-ով ավելացել են, ավելացել է հեմոդիալիզի համար տրվող ֆինանսավորումը: Արամյանն ասաց, որ առողջապահական համակարգում իրենց բարեփոխումները արդեն արդյունք տալիս են, ապահովագրական համակարգը լավ է աշխատում, մարդիկ ստանում են իրենց հասանելիք ծառայությունները:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Այսպիսի իրավիճակ կա, երբ մարդիկ ուղեգիր իրենց ձեռքին որ իրենց հասնում է պետպատվերով վիրահատություն, գնում ընկնում է հիվանդանոցներում դռնեդուռ, ոչ մեկը չի վիրահատում կամ առաջարկում են հերթագրվել վիրահատության համար: Երբ հիվանդանոցներից հետաքրքրվում են՝ ինչն է պատճառը, ասում են՝ մեզ տվել են 30 մլն դրամ, մենք սեպտեմբերին այդքան ծառայությունները մատուցել, վերջացել ենք, դեռ մի բան էլ մեր հաշվին ենք արել: Քանի դեռ առողջապահական համակարգի չենք անցել, բազմաթիվ մարդիկ կան, որ այդ ուղեգրերը ձեռքը ոչ մի բան չեն կարողանում անել, պետք է անպայման ինչ-որ ծանոթ, պատգամավոր խառնվի, որ հարցը լուծի»:

Փաշինյանն ասաց, որ սա ուղղակի փակուղի է, այս խնդիրը չի լուծվի առաջիկա մեկ-երկու տարում:

Վարդան Արամյանը պատասխանեց, որ մարդիկ գնում էին հիմնարկ, ասում էին ես հնարավորություն չունեմ քեզ առողջապահական ծառայություններ մատուցելու, որովհետեւ 10 միավորի գումար է տրված, բայց իրենց ծառայություններից օգտվողների քանակը 20 միավորի էր: Նոր համակարգը, որը դրված է, ըստ Արամյանի, ամբողջությամբ լուծում է այդ հարցը. «Պետք է այնպես անենք, որ կարեւորագույն սկզբունքը լինի ոչ թե մարդը գնա փողի հետեւից, այլ փողը պետք է գնա շահառուի հետեւից, մարդու հետեւից»: Արամյանն ասաց, որ 90 հազար շահառուների համար ներդրված այդ մոտեցումը եւս 600 հազար շահառուների համար են անելու: Դա կլինի առաջիկա 2-3 տարիների ընթացքում:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ պարզաբանեց, որ բժշկական պարտադիր ապահովագրության համակարգն են ներդնելու եւ այդ առումով բնակչությունը բաժանվում է երկու մասի՝ աշխատող եւ չաշխատող: Աշխատողների համար վճարում է գործատուն եւ ինչ-որ չափով աշխատակիցը, իսկ չաշխատողը սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձինք են, որի համար առայժմ վճարում է պետությունը, բայց պարտադիր բժշկական ապահովագրություն մտցնելու համար պետք է մասնակցի նաեւ մասնավորը: Ուստի Բաբլոյանն ասաց, որ ԱԺ-ն պետք է պատրաստ լինի, նոր որոշում պետք է ընդունվի, որ խտրականություն չլինի, թե չէ կստացվի, որ պետական սեկտորում աշխատողներն ունեն ապահովագրություն, իսկ մասնավոր սեկտորում աշխատողները չունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031