Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին կփորձեն «չնեղացնել»

Դեկտեմբեր 06,2017 11:45

Սկիզբը՝ այստեղ

Դա պայմանավորված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից
հետո ՀՀ-ի միջազգային վարկանիշի բարձրացմամբ

Պատասխանում ենք նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել

Մինչ Ադրբեջանը Թուրքիայի եւ Պակիստանի հետ «դաշնություն» կազմած փորձում է ԼՂ խնդրի կարգավորման ադրբեջանանպաստ լուծման պահանջների մասին բարձրաձայնել, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանեց Արցախ՝ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելեցին Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ կայացավ տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այնուհետեւ՝ դեկտեմբերի 2-ին, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտեցին Արցախի հարավարեւելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացված զորավարժությունները: Ելույթ ունենալով զինծառայողների առջեւ՝ Ս. Սարգսյանը նշեց. «Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաեւ նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին եւ ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ եւ պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք եւ պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք եւ պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել ձեր կայացման գործում»:

Ղարաբաղյան թեման Ս. Սարգսյանն ավելի վաղ շոշափեց Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում իր ելույթում: «Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության եւ դրա խաղաղ կարգավորման էությունը, միեւնույն է՝ հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է»,- նշեց Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, եւ այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը:

ՀԱՊԿ-ի անսպասելի քայլը

Նոյեմբերի 30-ին Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում քաղաքական հայտարարություններ ընդունվեցին, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը: ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները եւս մեկ անգամ վերահաստատեցին իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը, ինչպես նաեւ հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Տեւական ժամանակ Հայաստան-Ադրբեջան սահմանին Ադրբեջանի սանձազերծած լարվածություններին, սադրանքներին, խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգություններին անհաղորդ ՀԱՊԿ-ականներն, այսպիսով, անսպասելիորեն ընդունեցին մի հայտարարություն, որում աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Իսկ սա մի փաստ է, որը բավական նյարդայնացնում է Ադրբեջանին:

Թե ինչու ՀԱՊԿ-ականներն այս անգամ նման կարեւոր հայտարարությամբ հանդես եկան, թերեւս պայմանավորված էր մի քանի գործոններով: Ռուսաստանի համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը տապալելուն Բաքուն չի կարող հասնել, որքան էլ Ադրբեջանն ու Թուրքիան ԼՂ հարցում շարունակաբար շեշտեն ԵԱՀԿ Մինսկի խմբում բացառապես մեկ պետության՝ Ռուսաստանի դերն ու ազդեցությունը:

Բացի այդ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո էապես մեծացավ Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը, Հայաստանը վարկանիշի որոշակիորեն բարձրացում արձանագրեց, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն էլ այսուհետ հնարավորինս պետք է փորձի «չնեղացնել» Հայաստանին եւ երբեմն արդարացնել պաշտոնական Երեւանի սպասելիքները դաշնակից երկրներից, որոնք բազմիցս, մեղմ ասած, իրենց պարկեշտ չեն պահել:

Բաքուն հույսը
չի կտրում Պուտինից

«Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում». կրկին Բաքվից հնչում է նման հայտարարություն՝ այս անգամ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի մակարդակով: «Դա դրական երեւույթ է, որը ողջունելի է, քանի որ այդ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ, ինչը բոլորն են հասկանում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները»,- ասել է Մամեդովը՝ համոզմունք հայտնելով, թե բանակցությունների առկայությունը, քննարկումների անցկացումը նոր գաղափարներ կարող են ի հայտ բերել։

Ադրբեջանի իշխանությունները համառորեն փորձում են ցույց տալ, թե Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում «ղեկավարը», «եղանակ ստեղծողը» բացառապես Մոսկվան է: Բաքվի համար, թերեւս, բավարար է երբեմն-երբեմն Մոսկվայից հնչող հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Վերջերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վստահեցրեց. «ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից մեկն է։ Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այդ հակամարտությունը կարգավորվի, եւ որքան շուտ, այնքան ավելի լավ»: Զախարովան՝ հավելել էր նաեւ, որ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը տեւում է ոչ թե շաբաթներ, այլ այն տարվում է մշտապես։ Իսկ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջին այցի ժամանակ առաջարկել է Բաքվին ու Երեւանին Ղարաբաղի հարցով «Պուտինի նոր պլան», Զախարովան նկատել էր. «Մենք մշտապես խորհուրդ ենք տալիս՝ պահպանելով նորություններ շարադրելիս սեփական ստեղծագործական մոտեցումը, ամեն դեպքում երբեմն օգտվել տեղեկատվության սկզբնաղբյուրից։ Այդ թեման բազմիցս մեկնաբանվել է։ Մենք մեկնաբանել ենք այցերն առաջ, ընթացքում եւ հետո։ Միանշանակ պատասխան ենք տվել այդ հարցին»։ Նրա խոսքով՝ երբեմն նման հրապարակումների հեղինակների մտքի թռիչքն այնքան արագ է, որ նրան կանգնեցնելն անհնարին է, սակայն պարկեշտության համար պետք է արտահայտվի նաեւ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 06.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031