Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ իր խնամի`«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված չեն: Համենայնդեպս, այդպես է հավաստիացնում Հովիկ Աբրահամյանի որդին`Գագիկ Ծառուկյանի փեսան`«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը: Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, Արգամ Աբրահամյանը հերքեց մամուլում տպագրված այդ տեղեկությունները:
Հարցին`ինչո՞վ է զբաղված հայրը`Հովիկ Աբրահամյանը, Արգամ Աբրահամյանը պատասխանեց չհստակեցնելով. «Զբաղմունքներ շատ ունի եւ զբաղվում է»: Քաղաքականություն վերադարձի ծրագրեր ունի՞, թե՞ ոչ, ինքը չգիտի:
Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ասում է նաեւ, Արտաշատում իր կողմից իրականացվող ծրագրերը չեն դադարեցվել, նույն տեմպով շարունակվում են: Ասում է`Արտաշատի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանի հետ էլ լավ հարաբերությունների մեջ է: Նրան վաղուց է ճանաչում: Արգամ Աբրահամյանը նաեւ բացատրեց, թե ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքն Արտաշատում թեկնածու չառաջադրեց. Կարեն Բենիամինյանն իրենց համար եւս ընդունելի թեկնածու է եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ