2017 թ․ դեկտեմբերի 2-ին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության Սկանդինավիայի հոգևոր հովվության Մալմոյի եկեղեցական համայնքում ս․ պատարագի ընթացքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:
Շվեդիայի հայ համայնքին ու հայ եկեղեցուն մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար տիար Գրեգ Դինգիզյանին:
Սուրբ Պատարագին մասնակցած հավատացյալների ներկայությամբ մեծարյալի կերպարին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Սկանդինավիայի փոխանորդ հոգեշնորհ Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Դանիայի եւ Նորվեգիայի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ․ Ստեփանոս քահանա Հավհաննիսյանի կողմից բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:
Տիար Գրեգ Դինգիզյանին ուղղված հայրապետական կոնդակում գրված է. «Անկեղծ գոհունակութիւն է Մեզ համար Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէդիայի Հայրապետական Պատուիրակի պաշտօնակատար հոգեշնորհ Տ․ Տիրան վարդապետ Պետրոսեանից բարի վկայութիւններ լսել Ձեր ազգօգուտ ու եկեղեցանպաստ երկարամեայ գործունէութեան մասին։ Տարիներ շարունակ Դուք գործուն աջակցութիւն էք բերում Շուէդիայում մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը, հետամուտ լինելով, որ միշտ շէն ու պայծառ մնայ հայորդեաց կեանքը, զօրաւոր լինի նրանց եկեղեցանուէր եւ ազգասէր ոգին։ Ձեր աստուածահաճոյ իրագործումների բարի արգասիքները, որ արժանացրել են Ձեզ հոգեւոր դասի և հաւատաւոր հայութեան անկեղծ յարգանքին, ներշնչող օրինակ են հայորդեաց համար՝ իրենց կեանքի ընթացքը բարեզարդելու ազգասիրութեամբ, հայրենասիրութեամբ ու եկեղեցասիրութեամբ իմաստաւորուած գործերով։ ․․․ Ի խորոց սրտի աղօթում ենք առ Բարին Աստուած, որ Իր Ամենախնամ Աջի հովանու ներքոյ պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանեաց անդամներին եւ օրհնի Ձեր կեանքը քաջառողջութեամբ եւ երկնատուր առատ բարիքներով »:
Այնուհետև մեծարյալին շնորհվեց Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը:
Շնորհաբաշխության ուրախալի առիթով Տիար Գրեգ Դինգիզյանը իր երախտագետ զգացումները փոխանցեց ներկաներին, անդրադարձավ իր ապրումներին` խոսելով Մայր Եկեղեցու կողմից գնահատվելու երջանկության, ինչպես նաև վերջին տասնամյակներին ժողովրդի կյանքում հոգևոր կյանքի վերարթնության մասին: Տիար Գրեգ Դինգիզյանը նաև վստահեցրեց, որ Դինգիզյան ընտանիքը պիտի շարունակի անբասիր ծառայել Սկանդինավիայի Հայոց Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին։
Հանդիսությունն ամփոփվեց հոգեշնորհ հայր Եղիշեի «Պահպանիչ» աղոթքով:
Արարողությանը ներկա էին Շվեդիայի և Դանիայի տարբեր քաղաքներից ժամանած հայորդիներ, Մալմոյի հայ եկեղեցական համայնքի հավատացյալներ եւ ծխական խորհրդի ներկա եւ նախկին անդամներ։
Մամուլի հաղորդագրություն