Եվրասիական տնտեսական միության Մաքսային պայմանագիրը ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց 82 կողմ եւ 5 դեմ ձայներով:
ՌԴ-ի կողմից ՀՀ-ին 100 մլն դոլարի վարկ տրամադրելու նախագծին կողմ էր 92 պատգամավոր, այն ընդունվեց միաձայն: Հիշեցնենք, որ վարկով ռուսական զենք պետք է ձեռք բերենք ՀՀ ԶՈՒ-ի համար:
«Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» աղմուկ բարձրացրած նախագիծը, որով վերջին անգամ հնարավորություն է տրվում բանակից խուսափած 27 տարին լրացած տղաներին վերադառնալ հայրենիք եւ համապատասխան վճարումները կատարելով՝ ազատվել քրեական հետապնդումից, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց, ընդ որում միաձայն՝ 92 կողմով:
Մինչ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «մուծումների չափերը ավելացնելու հետ խնդիր ունենք, բայց որոշեցինք կողմ քվեարկել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք պատրաստվում են այս հնարավորությունից օգտվել՝ օգտվեն, այդ հնարավորությունը կարեւորում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ