Սկզբում պարզապես թվարկեմ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Պուտին-Էրդողան վերջին հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հիասթափություն է հայտնել Արցախյան խնդրի լուծման հեռանկարից: Բնականաբար, այն լուծման, որը Թուրքիային եւ Ադրբեջանին է ձեռնտու: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը Ալիեւի հետ հանդիպման ժամանակ շեշտը դրեց ուժի չկիրառման սկզբունքի վրա, մինչդեռ ադրբեջանական կողմի գլխավոր հաղթաթուղթը ուժի կիրառումն է եւ դրա սպառնալիքը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում հակամարտություններին վերաբերող կետում ընդհանրական հղում կա միջազգային իրավունքի սկզբունքներին, եւ բացակայում է անդրադարձն առանձին հակամարտություններին: Նույն ոգով է վերջերս ՀԱՊԿ-ն անդրադարձել Արցախյան հակամարտությանը:
Այստեղից, հավանաբար, կարելի է եզրակացություն անել, որ Ռուսաստանն ու Եվրամիությունն այս պահին համակարծիք են, որ Արցախի հարցում ցանկալի է պահպանել «ստատուս քվո»-ն՝ անկախ այն հանգամանքից, որ հրապարակավ նրանք այլ բան են ասում: Չէի շտապի ուրախանալ. այս իրավիճակի պահպանումն ունի թե՛ դրական եւ թե՛ բացասական կողմեր՝ չթվարկեմ, դրա մասին բազմիցս խոսվել է: Հարցն այստեղ այլ է՝ իսկ ինչո՞ւ է նրանց կողմից այս փուլում նման որոշում ընդունվել:
Որոշակի նշաններ կան, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն այժմ փորձում են մերձեցման քայլեր անել: Դրա դրսեւորումներից մեկն այն է, օրինակ, որ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում հակառուսական հռետորաբանություն գրեթե չի հնչել: Միակ բացառությունն էր ԵՄ-ից հեռացող Բրիտանիայի վարչապետի ելույթը: Մյուս կողմից՝ Սերգեյ Լավրովը բելառուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բավականին մեղմ խոսեց «գործընկերների» մասին՝ տարբերակումներ դնելով թե՛ ԵՄ, թե՛ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ ու բնականոն համարելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի ձգտումը՝ ավելի սերտ համագործակցել Եվրոպայի հետ: Ավելին՝ Ռուսաստանի արտգործնախարարը ակնարկել է, որ իր երկիրը նույնպես դեմ չէր լինի որոշակի պայմանների բավարարման դեպքում ընդառաջ գնալ Եվրոպային:
Ինչ է դրանից ստացվելու՝ դժվար է ասել, բայց այս պայմաններում Եվրոպային եւ Ռուսաստանին բացարձակապես պետք չէ իրավիճակի սրում նախկին խորհրդային տարածքի որեւէ կետում: Այդ թվում, ի դեպ, նաեւ Ուկրաինայում: Իսկ թե ում է ձեռնտու Սաակաշվիլիի հեղափոխական գործունեությունը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես արդեն հասկացա, թե ում է ձեռնտու Սահակաշվիլու հեղափոխական գործունեությունը՝ Մուգաբեին ու Կիմ Չեն Իռ-ին: Ճիշտ է՞, ընկ. Աբրահամյան:
Յօդուածի վերլուծական տրամաբանութեան մէջ, անհրաժեշտ է աւելացնել՝ ԱՄՆ-ի այժու «նախագահ»ի ընտրութիւնը մաս կը կազմէ այս նոր կացութեան, նոր ծրագրին: Եւ այդ նիւթին մի քիչ իսկ հետեւողին համար, բացայայտ է թէ Ռուսաստանը որոշիչ դեր ունեցաւ այդ «նախագահ»ի ընտրութեան մէջ: Որուն որպէս հետեւանք, ի միջի այլոց, ԱՄՆ-ն աննախընթաց կերպով մեկուսացած է հիմա, եւ հետեւաբար՝ Եւրոպան ձերբազատուած է Ուաշինկթոնից: Chapeau !