Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ՌԴ-ի հետ հաշվի նստել չի, սա անընդհատ հաշիվ տալ է, ես հաշիվ տալուն եմ դեմ»

Դեկտեմբեր 06,2017 17:00

Արամ Սարգսյանի պատասխանը ՀՀԿ-ի բերած փաստարկներին

Այսօր ԱԺ քառօրյան է մեկնարկում, եւ օրակարգում է նաեւ «Ելքի» նախագիծը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ որոշման մասին: «Ելքի» պատգամավորներն էլ համոզված են, որ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած իրենց նախագիծը ԱԺ-ում չի էլ քննարկվի, պարզապես քվեարկությամբ կմերժեն:

Այդ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ-ականները հնչեցրին որոշ փաստարկներ, թե ինչու է վտանգավոր դուրս գալ ԵԱՏՄ-ից, ու «Առավոտի» հետ զրույցում դրանց անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Էդմոն Մարուքյանի այն դժգոհությանը, որ ԵԱՏՄ անդամ ենք, բայց մեր քաղաքացիներին ՌԴ-ից դեպորտի են ենթարկում, ասաց, որ Եվրոպայից էլ մեր հազարավոր քաղաքացիների հանելու են, ռեադմիսիայի պայմանագիր ենք ստորագրել. «Այնտեղից էլ են հանելու: Ավելին ասեմ՝ վիզաների ազատականացման գործընթացով 60 հազար ուկրաինացի, 20 հազար վրացի այս պահին խախտել են վիզայի ազատականացման պայմանները եւ հիմա ձեր ասած՝ դեպորտի տակ են»:

Արամ Սարգսյանը պատասխանեց. «Նախ, պիտի ստուգեմ նրա ասած այդ թվերը, որովհետեւ Հանրապետականը երբեմն թվեր է բերում, հետո պարզվում է, որ դա այդպես չէ: Իրենք նաեւ օրինակ են բերում, ասում են՝ տեսեք, Ուկրաինան եւ Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո, միեւնույն է, իրենց տնտեսական աճը ցածր է. Վրաստանում արտաքին ներդրումները կրկնակի աճել են, նույնը՝ Ուկրաինայում: Որեւէ մեկը ոչ ՀՀԿ-ից, ոչ պրոֆեսորներից, գիտնականներից չհակադարձեց, որ ՀՀ-ում ընտրություններն են վատ եղել, կամ դատական համակարգն է վատ, կամ օրենսդրական դաշտն է վատ, դրա համար ներդրումներ չկան: Իսկ ԵԱՏՄ-ն պաշտպանող պատգամավորներից որեւէ մեկն էլ չպնդեց, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նորից պաշտոնավարել:

Մեխն այստեղ է: Այն երկրներում, որտեղ միշտ նույն իշխանություններն են, այդ երկրներում լճացում է, ներդրումներ անելը չափից ավելի ռիսկային է, իսկ տնտեսության առաջնային ցուցանիշը այդ ներդրումներն են: Իրենք ասում են՝ Եվրոպան մինչեւ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը կամ մինչեւ ԵԱՏՄ մտնելը բաց էր, ինչի՞ ապրանք չէինք արտահանում, Խոսրով Մելիքիչը նույնիսկ ասաց՝ ապրանք ունե՞նք, որ արտահանենք, ո՞ւր է, ապրանք չկա: Այստեղ հարց է առաջանում՝ բա ո՞վ է մեղավոր, կարո՞ղ է «Ելք» դաշինքն է մեղավոր, որ ապրանք չունեք: Բա դուք համարում եք, որ ամեն ինչում դուք եք ճիշտ, ուրեմն ինչ-որ բան սխալ է, չէ՞, որ ապրանք չունեք: Լավ, գոնե այսօրվանից արեք մտածենք՝ ինչ անենք, որ ապրանք ունենանք: Որեւէ մեկին չեք լսում, համարում եք, որ դուք միակն եք, ձեզ են քվե տվել, դուք ճիշտ եք, հետո էլ ասում եք՝ ապրանք չունենք, որ արտահանե՞նք: Ունենայիք, այստեղ մեղավորը դուք եք: Այսօր մենք դա նույնիսկ մի կողմ թողնելով՝ պատրաստ ենք աշխատել, քանի որ ԵՄ-ի հետ այս նոր համաձայնագիրը ստորագրվեց: Անկախ նրանից, որ ժամանակ ենք կորցրել, անկախ նրանից, որ սա այն չի, ինչ կարող էր այն ժամանակ լինել, միեւնույն է, սա փաստաթուղթ է, որը շատ-շատ կարեւոր է մեզ համար, առավել եւս այս էտապում, երբ ռուսները մտածում են՝ հայերն ով են, ուր պիտի կորչեն, ուր էլ գնան, միեւնույն է, մերն են, սովետական նախկին հանրապետությունները մեզ ուղղակի համարում են ՌԴ-ի մարզ, դրսում էլ Հայաստան ասելիս ասոցացվում էինք միայն ՌԴ-ի հետ: Այս թուղթը ստորագրելով՝ Հայաստանի վարկանիշն ավելացավ, ՀՀ-ն ցույց տվեց, որ ինքը ինքնուրույն ինչ-որ բան կարող է անել, որ այդ ռուսական չինովնիկները, ովքեր ասում էին՝ Հայաստանը ով է որ, կամ՝ ուր կարող են գնալ, հիմա արդեն ասում են՝ բա որ գնան, ու սկսել են իրենց շանտաժը: Բայց դա ավելի լավ է, քան երբ հլու-հնազանդ մնում էինք»:

Մեր դիտարկմանը, որ ԵՄ-ն կախարդական փայտիկ չունի, եւ քաղաքագետները խորհուրդ են տալիս շատ չոգեւորվել դրանից՝ Արամ Սարգսյանն արձագանքեց. «Քանի որ մենք ԵՄ-ի հետ համապարփակ առեւտրի ու ասոցացման համաձայնագիրը չենք ստորագրել, այդ փայտիկին սպասել պետք չի: Բայց որ բարոյական խնդրի է մոտ, այն, որ ՀՀ իշխանությունները, արտգործնախարարությունը այդ ուղղությամբ աշխատեցին, ես հոռետես էի, չէի հավատում, հիմա ընդունում եմ՝ այո, աշխատել են, եւ դա շատ դրական է: Եվ ես դա բարձրաձայնում եմ՝ ընդդիմադիր լինելով… Այս փաստաթղթով կարեւոր հատկանիշներից մեկն էլ անվտանգությունն է: Ես այդքան ՀԱՊԿ-ի այդ անվտանգության հեքիաթներին չեմ հավատում, ինչքան այստեղ, քանի որ այստեղ ՌԴ-ն ու Ադրբեջանը խանգարում են»:

Լսումների ժամանակ ԵԱՏՄ-ի ջատագովները, մասնավորապես Հայկ Բաբուխանյանն ասաց, որ մենք չենք կարող հաշվի չնստել ՌԴ-ի նման գերտերության հետ, ասաց, որ 100 տարի առաջվա դեպքերը կկրկնվեն: Այս առնչությամբ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես պիտի ասեմ Հայկ Բաբուխանյանին, որ մենք չենք կարող հաշվի չնստել նույն Վրաստանի հետ էլ, Իրանի հետ էլ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էլ: Մենք աշխարհում մենակ չենք ապրում, բոլորի հետ էլ պիտի հաշվի նստենք ու այդ հաշիվներում մեր հաշիվը պիտի իմանանք: Անհաշիվ հաշվի նստելը, որ հաշվի ես նստում ուղղակի, որ տաս, դա անհեթեթ է: Երբ խոսում են էժան զենք գնելու, էժան զինվորական աջակցության, ՌԴ-ում պաշտպանվածության, գազի էժանության մասին, դա վերածում են թվի ու ասում են՝ գիտեք, դա տարեկան 200-400 մլն է կազմում, ես էլ ասում եմ՝ մեր բազան, որը անվճար տվել եք ռուսներին, ես անձամբ իմ հաշվարկներով գնահատել եմ տարեկան 2 մլրդ: Թող պարոն Բաբուխանյանն ասի՝ դրա գինը էժան է, բայց իր ասած 400 մլն-ից հաստատ ավելի է: Թող մեզ տան այդ գումարը, մենք էլ իրենցից վերցրած այդ գումարով թե գազը իրենցից կառնենք, թե Իրանից, զենք-զինամթերքը ինչ կանենք՝ մեր գործն է: 200 մլն տալիս են, ասում են՝ այդ 200 մլն-ով հենց մեզնից զենք առ, չեն ուզում՝ Չինաստանից առնեմ, որովհետեւ այդ 200 մլն-ին Չինաստանից կրկնակի ավելի զենք կամ փամփուշտ կառնեմ: Բա չէ ՝ պիտի իրենցից առնեմ: Սա արդեն շուկա չի, սա արդեն ազատություն չի, սրա անունը կախվածություն է: Սա հաշվի նստել չի, սա անընդհատ հաշիվ տալ է: Ես հաշիվ տալուն եմ դեմ, հաշվի նստելուն պատրաստ եմ, իհարկե: Իրար հանդեպ էլ պիտի հաշվի նստենք»:

ՀՀԿ-ականներն ասում են՝ զարմանալի է մեզ համար «Ելքի» մուննաթը ՌԴ-ի դեմ, ո՞վ է պարտավոր ձեզ, կարող եք՝ արեք, անվտանգությունը պաշտպանեք, տնտեսությունը զարգացրեք, ի՞նչ եք պահանջում ուրիշներից: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Կարող եք՝ արեք-ը իրենք «Ելքի՞ն» են ուղղում, 20 տարի է՝ իրենք են իշխանության, կարողանում են՝ թող անեն: Իրենք ասում են՝ երկրում այսինչ բանը վատ է, ՌԴ-ն է մեղավո՞ր, ես էլ ասում եմ՝ այո, Ռուսաստանն է մեղավոր, ՌԴ-ն եթե չաջակցեր ձեզ, դուք այդ համակարգի մեջ չլինեիք, այստեղ այդպիսի ընտրություններ չէին լինի, այսպիսի դատական համակարգ չէր լինի: Դուք դրա շարունակությունը լինելով հանդերձ՝ նորից ուզում եք նույն մարդը 3-րդ ժամկետ իշխանավարի: Հակադարձե՛ք դրան»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031