Լրահոս
Օրվա լրահոսը

Հեստապարային ակումբները, դիսկոտեկներն ու կարաոկեներն այլեւս բնակիչների «գլուխը չեն տանի»

Դեկտեմբեր 06,2017 16:30

Դրանք այլեւս չեն կարող տեղակայվել բազմաբնակարան շենքերում, հիվանդանոցներում, կրթական ու պատմամշակութային հաստատություններում

Այսուհետ հեստապարային ակումբներ, կարաոկեներ, դիսկոտեկներ ու շոգեբաղնիքներ չեն կարող տեղակայվել կրթական, պատմամշակութային հաստատություններում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, ինչպես նաեւ հիվանդանոցների տարածքներում: Իսկ որ ամենակարեւորն է՝ ժամանցային այսպիսի օբյեկտները պետք է դուրս բերվեն բազմաբնակարան շենքերի բնակելի եւ ոչ բնակելի տարածքներից: Արգելքը շրջանցողները կենթարկվեն վարչաիրավական պատասխանատվության` ընդհուպ մինչեւ մեկ միլիոն դրամի չափով, իսկ շարունակելու դեպքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստով քրեական պատասխանատվություն կկրեն: Այսպիսի փոփոխություններ ամրագրվել են օրենսդրական նախաձեռնության փաթեթում, որը պատրաստվել է վարչապետ Կարեն Կարապետյանի` նախորդ տարի տված հանձնարարականից հետո:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը, որը զբաղվել է փաթեթի մշակմամբ, ներկայացրեց, թե ի՞նչ մեխանիզմներով են գիշերային ակումբները, կարաոկեները եւ ժամանցի այլ օբյեկտները դուրս բերվելու բազմաբնակարան շենքերի տարածքներից, եւ տնտեսվարողների համար ինչպիսի լուծումներ են մշակվել, որպեսզի չտուժեն:

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ նախեւառաջ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջին անգամ տրվել են հեստապարային ակումբ, կարաոկե, դիսկոտեկ երեւույթների կամ օբյեկտների սահմանումները, որոնք երբեւէ չեն եղել: Այդ սահմանումների բացակայությունը, ըստ մեր զրուցակցի, մինչ այս ռիսկեր է առաջացրել այդ գործունեությունների չկարգավորված լինելու տեսանկյունից. «Դրանով չափազանց լայն ազատություն էր տրվում թե՛ իրենց պարտականությունների, թե՛ իրենց իրավունքների մասով, նաեւ որոշակի առումով վերահսկողական գործառույթներ իրականացնելու մասով: Երբ դու չունես սահմանումը, հստակ չէ, թե դու ինչպե՞ս ես փորձելու դա կարգավորել եւ վերահսկել: Նախ` հստակ սահմանվեց, որ այդ երեք օբյեկտները, այդ թվում եւ սաունաները, բաղնիքները, շոգեբաղնիքները, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներ են: Այն իրենից ենթադրում է, որ օրենքով հստակ սահմանվում են սահմանափակումներ դրանց տեղակայման վերաբերյալ: Տեղակայման պահանջները սահմանվելու են ավագանու կողմից: Այսինքն` մենք դա տեղափոխում ենք ինքնակառավարման մարմինների դաշտ, ինչը եւս տրամաբանական է, քանի որ նման գործունեություն ծավալելու թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը»:
Մեր հարցին, թե այս փոփոխությունն ինչպիսի ցնցում կառաջացնի նման բիզնեսներ ունեցող տնտեսվարողների համար, պարոն Վարդեւանյանը պատասխանեց, որ գործարարներին մեկ տարի ժամկետ է տրվելու, որպեսզի այդ ընթացքում ե՛ւ բիզնես ծրագրերը մշակեն, ե՛ւ այն տեղափոխեն, ե՛ւ ռիսկերը հաշվարկեն. «Երեւան քաղաքից դուրս մենք չունենք իրավիճակ, երբ առկա են հեստապարային ակումբներ, կարաոկեներ, դիսկոտեկներ բազմաբնակարան շենքերում: Երեւանում կա 22 նման օբյեկտ՝ 10 հեստապարային ակումբ, 10 դիսկոտեկ եւ երկու կարաոկե: Գործարար համայնքի ցնցման հանգամանքը եւս վարչապետի կողմից հստակ կարեւորվել էր, եւ մեկ տարին իսկապես ողջամիտ ժամկետ է»:

Ըստ Արամ Վարդեւանյանի՝ քննարկումներին, օրենքի նախագծի մշակմանը մասնակցել են նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մասնագետները, որոնք ներկայացրել են բիզնես համայնքի շահերը:

Արամ Վարդեւանյանն ասաց, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից ժամանցի նման օբյեկտների դուրսբերման համար հիմք են ծառայել բնակիչների հարյուրավոր ահազանգերը` գրավոր ու բանավոր բողոքների տեսքով. «Ի վերջո, մենք գործ ունենք լռության պահպանման կարգի հետ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն այսօր լռության պահպանման կարգի վերաբերյալ բավականին մեղմ պատասխանատվության միջոցներ է նախատեսում: Առաջին անգամ կատարելու դեպքում խոսքը գնում է նախազգուշացման մասին: Նախազգուշացումը կարեւոր ինստիտուտ է, իրենից ենթադրում է անձին հնարավորություն տալ իր վարքագիծը համապատասխանեցնելու օրենքի պահանջներին: Բայց կարծում եմ՝ լռության պահպանման կարգի դեպքում նախազգուշացում նախատեսելն այդքան էլ անհրաժեշտ չէ, որովհետեւ այդ խախտումը բավականին հստակ է, եւ դա անզգուշությամբ կատարելը գրեթե անհնար է: Մենք խոսում ենք ոչ թե մեկ ակնթարթ ձայնի բարձրացման մասին, այլ տեւական իրավիճակի մասին:

Երկրորդ` նման տեսակի օբյեկտների գործունեությունն ուղղակիորեն առաջացնում է վարչական զանցանքների եւ քրեորեն հետապնդելի արարքների բարձր ռիսկայնություն, քանի որ դրանք, որպես կանոն, ասոցացվում են ալկոհոլի օգտագործման, որոշակի վարքագծի տրամադրվածության հետ, որոնք նաեւ հենց հաճախ առաջացնում են բախումներ բազմաբնակարան շենքի բնակիչների հետ: Այսինքն` հաճախորդ-բազմաբնակարան շենքի բնակիչ եւ այլն: Այսինքն` այն միջավայրը, որը ձեւավորվում է օբյեկտի գործունեության արդյունքում, ռիսկային է: Այսինքն` այդպիսի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն:

Երրորդը անձի հանգստի իրավունքն է: Երբ մենք խոսում ենք անձի սոցիալ-տնտեսական, այդ թվում նաեւ աշխատանքային իրավունքների մասին, անքակտելի է այն իրականությունը, որ աշխատանքային իրավունքի հետ զուգահեռ առանցքային է հանգստի իրավունքը: Քանի որ այն աշխատողը կամ այն աշխատանքային պարտականություններ կատարող անձը, որը զրկված է հանգստի իրավունքից կամ հնարավորությունից, վերջինիս արդյունավետությունը տուժում է` իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Հետեւաբար այդ համաչափությունը եւս պետք է պահպանվի»:

Արամ Վարդեւանյանի համոզմամբ՝ չափազանց կարեւոր է, որպեսզի մարդիկ մշտապես օգտվեն իրենց իրավունքների պաշտպանությունից: «Երբ լռության պահպանման կարգը խախտվում է, անկախ նրանից՝ հեստապարային ակումբ է, սրճարան է, հրավառություն է, պարտադիր պետք է ահազանգել ոստիկանություն կամ այլ պատասխանատու մարմիններին, չարձագանքելով` մենք միայն նպաստում ենք նման դեպքերի կրկնությանն ու շարունակականությանը: Պետք է հետեւողականորեն գնալ, ի վերջո՝ այս օրենսդրական փաթեթի շահառուները, պահանջատերերը այն քաղաքացիներն են, որոնք հետեւողականորեն մշտապես բարձրաձայնել են այս խնդիրները»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031