Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 150 հիմնախնդիր՝ 19 տարվա կառավարումից հետո

Դեկտեմբեր 06,2017 16:00

Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագիրը: 90 էջանոց փաստաթղթում հայերենը մի քիչ կաղում է, բայց նախագիծը գրագետ է, ձեռաց երեւում է, որ կազմվել է «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով թեզ պաշտպանած տնտեսագիտության թեկնածուի ղեկավարությամբ:

Նախագծում ոլորտային բաժանում կա՝ շինարարություն եւ բարեկարգում, անշարժ գույքի կառավարում, առեւտուր եւ սպասարկում, տրանսպորտ, հանրակրթություն, բնապահպանություն, առողջապահություն եւ այլն: Ամեն ոլորտի համար ներկայացված են հիմնախնդիրները՝ գումարային ավելի քան 150 հիմնախնդիր, որ կազմում է 90 էջանոց նախագծի մոտ 10 տոկոսը:

Նախ հայերենի մասին. հիմնախնդիր նշանակում է միակ եւ կոշտ խոչընդոտ: Ինչպես Սահմանադրությունն է հիմնական օրենք, որից ածանցյալ են բոլոր օրենքները, այնպես էլ հիմնախնդիրն է հիմնական արգելքը, որից ածանցյալ են մնացած խնդիրները: Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագրում հիմնախնդիրներ նշված չեն, խնդիրներ են. քաղաքային նշանակության մայրուղիների պատշաճ որակի ապահովում, ոչ բարեհաճ ֆասադային հատվածների, կամարանցումների վերանորոգում ու նկարազարդում, պանելային շենքերի ֆասադների գունազարդում, Երեւան քաղաքի ծայրամասային վարչական շրջաններում նոր առեւտրի եւ սպասարկման նոր օբյեկտների կառուցում, փողոցների մաքրության ապահովում եւ այլն: Երեւանում միակ հիմնախնդիրը քաղաքի իշխանության չկամությունն է, այլոց կարծիքը լսելու ցանկության բացակայությունը, անսխալականի կեցվածք-պահվածք-գործունեությունը: Մնացածը խնդիրներ են, որ լուծելի են, եթե լուծվի հիմնախնդիրը:

Ծրագրի բովանդակության մասին:

1998 թվականի մայիսից Երեւանը կառավարում են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրած թեկնածուները: Արդեն 19 տարի: Եվ եթե 19 տարվա կառավարումից հետո չկա ոլորտ, որտեղ խնդիրներ չլինեն, եթե խնդիրն ու հիմնախնդիրը չի զանազանվում, ուրեմն գործ ունենք կառավարողների որակների ցածր մակարդակի, այլոց կարծիքը լսելու ցանկության բացակայության, անսխալականի կեցվածքի հետ: Այ սա է հիմնախնդիր:

Ծրագրում կետեր կան, որ ամենապակասը այսօրվա Երեւանի համար չեն: Օրինակ՝ մանկապարտեզներում էլեկտրոնային գրադարանների ստեղծում: Հա՞ որ: Երեւանի միակ հիմնախնդիրը՝ այլոց կարծիքը լսելու քաղաքապետի չկամությունը, աշխատեց, ու Տարոն Մարգարյանը 2012 թվականին Երեւանի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգեր տեղադրեց, որոնք, ըստ քաղաքապետարանի, քաղաքացիներին հնարավորություն են տալու տեղեկանալ սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության եւ միջակայքերի մասին: Որեւէ երեւանցի կամ մայրաքաղաքի հյուր անցած 5 տարում գոնե մեկ անգամ էլեկտրոնային չվացուցակներից օգուտ տեսե՞լ է, քաղաքային տրանսպորտի վիճակը լավացե՞լ է: Ոչ:

Կարիք չկա մանկապարտեզները էլեկտրոնային գրադարաններով զինելու: Բակերն ու այգիները բարեկարգեք, որ երեխան խաղալու տեղ ունենա: Բակերը ավտոտնակներով մի «կառուցապատեք», այգիներն էլ մի դարձրեք սրճարանների անվերջ շարան: Քաղաքապետարանում չեն մոռացել այգիների ու բակերի մասին ու ծրագրի նախագծում մի քանի անգամ նշել են. զբոսայգիների, կանաչ տարածքների, հանգստի գոտիների հետեւողական վերականգնում: Այդ ինչքա՞ն զբոսայգի, կանաչ տարածք, հանգստի գոտի կար Երեւանում, որ ավիրվել է մինչեւ 1995 թվականը, ու 19 տարում չեք կարողացել ամբողջությամբ վերականգնել: Իրականում չեք կարողացել, որովհետեւ թղթի վրա կանաչ տարածք եք վերականգնում, իսկ կյանքում այդ կանաչ տարածքը հետեւողականորեն տալիս եք որեւէ պաշտոնյայի, որ խանութ կամ այլ օբյեկտ սարքի: Նախագծում նշված է, որ զբոսաշրջության ոլորտի հիմնախնդիր է Երեւանի բրենդինգի բացակայությունը: Սա էլ հիմնախնդիր չէ, ավելին, բարդ հարց չէ, ձեռքի հետ լուծվող խնդիր է: Եթե քաղաքապետը լսի քաղաքացիներին, եթե կանաչ տարածքները հետեւողականորեն չվերացվեն, եթե ընդհանուր օգտագործման այգիները չդառնան «ախպերության» օբյեկտների անվերջ շարան, եթե քաղաքի փողոցներում չտեղադրվեն անօգուտ էլեկտրոնային չվացուցակներ, Երեւանը կդառնա ապրելու եւ հանգստանալու համար աներեւակայելի հարմար քաղաք: Սա բրենդ է, որ կձեւավորվի ինքն իրեն, ու կմնա այդ բրենդով ներկայանալ աշխարհին: Ու քանի որ Տարոն Մարգարյանի հարազատ թիմը 19 տարում սա չի արել ու խնդիրն ու հիմնախնդիրն էլ չի տարբերում, առանձնապես հիմք չկա հուսալու, որ 2018-ին կանի:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031