Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանի միակ գերխլացված տարածքը բարձրաձայնում է

Դեկտեմբեր 06,2017 15:30

Երեւանի «Աղմուկի քարտեզում» «կնշվի՞» գիտական կենտրոնի անունը

Պետական գաղտնիքներ ամփոփող տարածքի նկատմամբ իրականում ոտնձգություն է տեղի ունեցել: Հիվանդանոց կառուցելու նպատակով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնի» շենք են մտել շինարարներ:

«Առավոտի» հետ զրույցում ակուստիկայի կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աշոտ Առաքելյանը երեկ ներկայացրեց, թե ինչ վիճակում են հայտնվել իրենք:


Գիտահետազոտական տասնյակ նախագծերի հեղինակը, որը սրտի կաթված էր տարել, հիվանդանոցում է իմացել իր հիմնադրած կենտրոնի նոր սեփականատիրոջ մասին: Նա մեր կենտրոն այցի ժամանակ տեղեկացնում է, որ կենտրոնը հիմնադրվել է 1980թ.-ին Հայաստանի կառավարության թիվ 240 որոշմամբ, իսկ տասնութ տարի հետո այն վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության:

Կենտրոնի՝ լուսանկարում պատկերված թանկարժեք գույքը՝ ժամանակակից գիտատեխնիկական բազան հագեցած է դանիական, չեխական, գերմանական, ամերիկյան սարքերով: Կենտրոնը նախագծել է եւ կառուցել Ազգային ռադիոյի 6-րդ համերգային ստուդիան, Ա .Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճը, Մ. Սեբաստացու անվան կրթահամալիրի ձայնագրման ստուդիան, բացահայտել է «Արմենիա» հյուրանոցի ջազ -բարի տարածքի ակուստիկ թերությունները ու կատարել դրանց շտկման նախագծային աշխատանքները, հայտնի է «ԱրմենԱկոբ» մշակութային կենտրոնի ձայնագրման մեծ ստուդիայի եւ հեռարձակման փոքր ստուդիայի ակուստիկ նախագծմամբ ու ներդրմամբ:
Կենտրոնում լինելով՝ մենք գետնին հայտնված բազմաթիվ պետական փաստաթղթերի վրա տեսանք հետեւյալ գրությունը. «Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել աշխատանքների գաղտնիությունն ապահովելու՝ համաձայն ՀՀ պետական գաղտնիքի մասին օրենսդրության»:


Կենտրոնը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ իրենց շենքում շինարարական աշխատանքները դադարեցնելու եւ ՀՀ առողջապահության նախարարության «հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Ակուստիկայի գիտական կենտրոն» մասնաճյուղին պատկանող գույքն այլ տարածք տեղափոխելն արգելելու պահանջների մասին:

Բագրատունյացի սեփական տների բնակիչները, թվով՝ քսանը, ովքեր դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, տեղեկացրին, որ սեպտեմբերի 14-ին ակուստիկայի 1253.5 քմ մակերեսով շենքը եւ 0.07966 հա հողամասը գնել է Տարոն Տոնոյանը:


Ի դեպ, դատարան դիմած գիտական կենտրոնի ղեկավարի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը հայցադիմումում նշել էր, որ նոր սեփականատերն առանց օրինական փաստաթղթերի եւ առանց համապատասխան թույլտվության, առանց ճարտարապետի հաստատած նախագծերի՝ ինքնակամ փոխել է «Ակուստիկայի գիտական կենտրոն» մասնաճյուղի դռան կողպեքը, ապօրինի մուտք է գործել տարածք, բերել է համապատասխան տեխնիկա եւ նոյեմբերի 15-ից սկսել է անօրինական շինարարական աշխատանքներ:

«Ընկերության գիտատեխնիկական եւ փորձարարական բազան միակն է հանրապետությունում, տարածաշրջանում, հայտնի է իր հագեցվածությամբ գիտատեխնիկական միջոցներով, որոնց զգալի մասը, չնայած ձեռքբերման վաղեմությանը եւ հաշվեկշռային զրոյական արժեքի, արդիական է, գերազանց պահպանված է եւ գործում է անխափան: Կենտրոնի հակաարձագանքային գերխլացված խցիկը (սեփական հեղինակային մշակում), որտեղ իրականացվում են ակուստիկ գործոնի քանակական եւ որակական հատկանիշների ճշգրիտ մոդելավորումը եւ վերարտադրումը»,-ասում է հայցվորը՝ պատկառելի տարիքի եւ ձեռքբերումների համար նախկինում գնահատված գիտնականը:


Ըստ նրա, կենտրոնը կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ իրականացնում էր մի ծրագիր, որն ավարտվելու էր դեկտեմբերի 30-ին: Կրթության եւ գիտության նախարարությունը փոխանցելու էր 5 000 000 ՀՀ դրամ, կնքված պայմանագրի համաձայն եւ հաջորդող տարվա հունվարի 25-ին ներկայացվելու էին հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ:


Շենքի գույքը բացառիկ է. մասնավորապես, երրորդ հարկը պետք է պահպանվի նաեւ պատմության համար: Շենքում դեռ խորհրդային ժամանակներից կառուցված է լուսանկարում պատկերված «ստացիոնար հակաարձագանքային էկրայնացված հատուկ նշանակության ակուստիկ խցիկ, որը համապատասխան մասնագետների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հնարավոր չէ առանձնացնել այդ շենքից եւ տեղափոխել այլ տարածք»: Չենք խոսում նկուղային հարկի մասին, որտեղ տեղադրված են համապատասխան բազմաշերտ հակավիբրացիոն շերտերով նյութերով խցիկներ՝ ինֆրաձայնային ուսումնասիրություններ, ինչպես նաեւ այլ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար, եւ որոնք հնարավոր չէ առանձնացնել այս շենքից՝ առանց վնաս հասցնելու: Ի դեպ, դրանք տեղադրելու համար ծախսվել են ահռելի գումարներ: Այստեղ իրականացվել են մի շարք հետազոտություններ նախկինում կառավարությանն առընթեր Հատուկ ծրագրերի պետական վարչության, այնուհետեւ պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության կողմից:
Աշոտ Առաքելյանը նույնպես դիմել է ՀՀ նախագահին:

Կենտրոնի հիմնադրին առաջարկում են տեղափոխվել Ավան, սանէպիդկայանի շենքը, այսինքն՝ 1500քմ տարածքը փոխարինել մեկ սենյակ տարածքով:
Աշխատակիցներից մեկը նկատեց. դա նույնն է, ինչ լավ վարպետին տան իր պատրաստած ջութակը եւ ասեն նորից պատրաստի:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ»

05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031