Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկը հերթական օտարերկրացի մենեջերը ձեռք բերեց

Դեկտեմբեր 06,2017 15:00

Մեզանում դեռեւս թափուր է մնում այն հայ մենեջերի տեղը, որը դասական երաժշտարվեստի ոլորտում իր համագործակցությունը կառաջարկի որեւէ արտիստի կամ կոլեկտիվի: Մինչդեռ վերջին տարիներին ավելանում է արտասահմանցի նման մասնագետների ու որոշ հայ երաժիշտ կատարողների ստեղծագործական աշխատանքը: Նույնիսկ կան մենեջերական կազմակերպություններ, որոնք համագործակցում են հայաստանյան մեկ-երկու կոլեկտիվների հետ: Օրինակ՝ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը հայտնեց, որ օրերս Իսպանիա իրենց համերգային ուղեւորությունը կազմակերպել էր չեխական Arskonzert կազմակերպությունը, որի հետ շուրջ տասը տարվա գործընկեր են:


«Իսպանիայի երեք քաղաքներում՝ Սարագոսա, Օվիեդո եւ Սանտանդեր, ֆիլհարմոնիկը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ երեք համերգ ունեցավ իսկապես հեղինակավոր շուրջ 2500 հանդիսականի համար նախատեսված Sala Mozart, Principe Felipe դահլիճներում ու Կանտաբրիայի փառատոների պալատում: Համաշխարհային երաժշտական գրականության ընտրանու կողքին հնչեցրինք նաեւ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը եւ Ադաջիոն՝ «Սպարտակ» բալետից, իբրեւ մենակատար հրավիրել էինք հայ հանդիսատեսին ծանոթ անուն՝ Սոֆիա Յաֆեին»,- հայտնեց տիկին Սիրունյանը:


Իսկ Գերմանիա կատարած ուղեւորությունը, մեր զրուցակցի հավաստմամբ՝ կազմակերպել էին Հայաստանի մշակույթի նախարարությունը, Ենայի քաղաքապետարանը եւ Գերմանիայում ՀՀ դեսպանությունը. «Volkshaus սրահում մեր նվագախմբին միացավ Մարկ Տարդյուի ղեկավարությամբ գործող Ենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, եւ Էդուարդ Թոփչյանի մեկնաբանմամբ կատարվեց Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան: Մեկնաբանեցինք նաեւ Միրզոյանի սիմֆոնիան՝ գրված լարայինների եւ գոսերի համար»:


Զրույցի ընթացքում Ռուզաննա Սիրունյանը հայտնեց, որ Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 9-ին կայանալիք համերգին հայ հանդիսատեսը առաջին անգամ կհանդիպի ճանաչված այնպիսի վոկալիստների, ինչպիսիք են սոպրանո Էրիկա Գրիմալդին (Իտալիա), մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովան (ՌԴ), տենոր Գեորգի Վասիլեւը (ՌԴ) եւ բաս Ռոբերտո Սկանտիուցին (Իտալիա): Այդ երեկո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկն ու Ազգային ակադեմիական կապելլան նշյալ երգիչների համագործակցությամբ կմատուցեն Վերդիի Ռեքվիեմը՝ նվիրված ցեղասպանության հանցագործության զոհերի միջազգային օրվան:

Անդրադառնալով կայացած հյուրախաղերին, հետաքրքրվեցինք՝ հանդիսատեսի շարքերում հայե՞րն էին գերակշռում: Տիկին Սիրունյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ հայերն այդքան մեծ թիվ չէին կազմում եւ պետք է նշեմ, որ Իսպանիայում կայացած համերգներից մեկի ժամանակ իր համագործակցությունը ֆիլհարմոնիկին առաջարկեց մեծբրիտանացի ագենտ Սթիվեն Ռայթը: Ընդ որում, նա հատուկ ժամանել էլ ֆիլհարմոնիկին լսելու»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031