Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեռախոսի չարաշահումը տանում է հոգեբանական «մահվան»

Դեկտեմբեր 06,2017 14:30

Մասնագետները խորհուրդ չեն տալիս վաղ տարիքում
երեխային հեռախոս նվիրել

«Հեռախոսներն առավել խոցելի կարող են լինել երեխաների համար: Դրանք կարող են ազդել նրանց հոգեկանի, վարքային դրսեւորումների եւ այլ գործընթացների վրա»,-«Առավոտի» հետ զրույցում զգուշացրեց հոգեբան Աննա Բադալյանը:
Հոգեբանը փաստեց, որ հեռախոսային շփումը, խաղը կարծես թե երկրորդական է դարձնում կենդանի շփումը: Նա մանրամասնեց. «Մարդկային փոխհարաբերությունը, աչք առ աչք շփումը, խոսքը, դիմախաղը, խոսքի հարալեզվական միջոցները շփման համար կարեւոր գործոններ են: Երբ այս ամենն իրականացվում է հեռախոսի, համակարգչի միջոցով, խոչընդոտվում է երեխայի հասարակայնացումը, ինչն ազդում է նրա` որպես անհատ ձեւավորմանը»:

Մասնագետները մտահոգություն ունեն, որ հեռախոսը տարիների ընթացքում այնքան հարազատ դարձավ սոցիումին, որ մի մեծ զանգված որդեգրեց նոմոֆոբիա հիվանդությունը, վախ՝ մնալու առանց հեռախոսի եւ կապի: Թեեւ հեռախոսը կապի միջոց է եւ անհրաժեշտություն 21-րդ դարում, այնուամենայնիվ, այն ունի մի շարք վնասակար ազդեցություններ: Մեր զրուցակից Անահիտ Ղազարյանի կարծիքով՝ հեռախոսը, սոցիալական ցանցերը կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության վրա. «Երբ ես 14 տարեկանի էի, տարվել էի հեռախոսով, սոցցանցերով: Շատ էի օգտագործում: Անընդհատ ձեռքիս էր: Մայրիկիս պատմելով՝ առանձնացել էի բոլորից, չէի շփվում ոչ ոքի հետ: Հետո ինձ տարան հոգեբանի մոտ: Շատ երկար ժամանակ պահանջվեց, մինչեւ «հետ եկա»:

Մեր կատարած փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզվեց, որ երեխաների 85%-ը միջինում սկսում է հեռախոս օգտագործել 6 տարեկանից: Մեր այն հարցին, թե ի՞նչ դեր ունի հեռախոսն իր կյանքում, 2-րդ դասարանի աշակերտ Վահե Սիմոնյանը պատասխանեց. «Ես շատ եմ սիրում հեռախոս, որովհետեւ կարողանում եմ խաղալ, մուլտեր նայել, ընկերոջս նկարել: Հեռախոսս տատիկս է նվիրել ծննդյանս օրվա կապակցությամբ»:

Խնդրի շուրջ տարբեր կարծիքներ հայտնեցին նաեւ ծնողները: Լիլիթը երկու երեխաների մայր է: Նա ասաց, որ իր աղջիկներին հեռախոս է նվիրել, երբ նրանք 6 տարեկան էին եւ չի դժգոհում. «Հիմա հեռախոսը շատ կարեւոր է թե՛ մեր, թե՛ մեր երեխաների համար: Բոլորն էլ առնում են իրենց երեխեքին, որ իմանան ինչ են անում, ուր են գնում: Համ էլ թող խաղան, էլի, իրենց տարիքն է: Հո 18-ում էլ չե՞ն խաղալու»:

Իսկ Սեդան այլ տեսանկյունից է նայում հարցին: Նրա որդին` Արեգը, հեռախոս չունի: Երբ համակարգչի կարիք է զգում, մայրիկն օգնում է ու փորձում հնարավորինս հեռու պահել հեռախոսային խաղերից. «Դրանք կարող են երեխային դեպրեսիոն վիճակի հասցնել: Իհարկե, դրանք ունեն շատ լավ կողմեր, բայց երբ հերթը հասնում է երեխաներին, պետք է շատ զգույշ լինել, նույնիսկ հոգեբանի դիմել: Բալիկիս հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ես ու ամուսինս իրեն հեռախոս կնվիրենք, երբ դառնա 15 տարեկան»:
Աննա Բադալյանի խոսքով՝ հեռախոսային խաղերը կարող են ներանձնայնացված մոլուցք առաջացնել. «Երբ երեխան խաղում է հեռախոսով, փակվում է ինքն իր մեջ, ստեղծում սեփական արժեքները, հավատում ու ձգտում դրանց: Եթե դրանք սոցիալականացվում են, նպաստում են երեխայի ներանձնային աճին, իսկ եթե դա չկա, երեխայի մոտ սկսում է լճացման գործընթաց: Երեխայի մեկուսացումը հասարակությունից, մարդկային շփումից տանում է հոգեբանական մահվան»:

Նշենք, որ մեր օրերում հեռախոսները դարձել են աչքերի ամենամեծ «թշնամիները»: Ակնաբույժ Ժասմին Հարությունյանի խոսքով՝ երեխաների հետ հարկավոր է կրկնակի զգույշ լինել, քանի որ նրանք դեռեւս ձեւավորման փուլում են. «Ցանկացած էկրան վատ է ազդում տեսողության վրա, մանավանդ փոքր չափ ունեցողները: Նրանց ազդեցությունը, կարելի է ասել, կրկնակի է: Կարճատեսության առաջացման հիմնական պատճառներից էլ հենց դա է: Այդ գործընթացն ավելի արագ է ընթանում դեռահասության շրջանում: Խնդրի միակ լուծումը ճիշտ ժամանակին բժշկին այցելությունն է»:

 

ՍՈՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
2-րդ կուրս

«Առավոտ»

05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031