Լոզանում կայացած ՄՕԿ-ի գործկոմի նիստը Ռուսաստանի հավաքականին արգելեց մասնակցել Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:
ՄՕԿ-ը միեւնույն ժամանակ ՌՖ փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին, որը համակարգում է սպորտը, ցմահ արգելեց մասնակցել օլիմպիական խաղերին:
ՄՕԿ-ը նշում է՝ ռուսաստանցի առանձին մարզիկներ կարող են Փհենչհանում հանդես գալ, սակայն միայն չեզոք դրոշի ներքո:
Միեւնույն ժամանակ ՄՕԿ-ը Ռուսաստանին պարտադրեց $ 15 մլն վճարել հակադոպինգային մարմին ստեղծելու համար, որը մտադիր է ստեղծել կոմիտեն:
«Որոշվել է կասեցնել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամությունը: Որոշումն ուժի մեջ մտնում է անհապաղ:
Որոշվել է ռուսաստանցի մարզիկներին հրավիրել Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղեր՝ գործող մի շարք խիստ կանոնների համաձայն՝ չեզոք դրոշի ներքո», – նշվում է փաստաթղթում:
Միեւնույն ժամանակ որոշվել է կասեցնել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի անդամակցությունը ՄՕԿ-ին:
Ռուս «մաքուր» մարզիկների ցուցակը, որոնք կհրավիրվեն օլիմպիական խաղեր, կկազմվի հատուկ հանձնաժողովի հայեցողությամբ, որը կղեկավարի Վալերիի Ֆուրներոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ