Դեկտեմբերի 5-ին նշվում է կամավորների միջազգային օրը: Այսօր Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ «Տարվա լավագույն կամավոր» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ տարբեր ոլորտներում ցուցաբերած հասարակական ակտիվ գործունեության համար պարգևատրվեցին կամավոր երիտասարդները:
Տոնական երեկոյի առաջին հատվածում «Volex.My way to success» խորագիրը կրող միջոցառման ժամանակ, կամավորական փորձ ունեցող երիտասարդները ներկայացրին իրենց աշխատանքային գործունեությունը և հաջողությունները:
Ելույթներով հանդես եկան նաև հրավիրյալ խոսնակներ ՀՀ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը: Պարոն Սուքիասյանը իր ելույթում անդրադարձավ կամավորության առանձնահատկություններին և դրսևորումներին: «Կարծում եմ, որ կամավոր է ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ կամավոր ապրում է Հայաստանում»,-իր խոսում ասաց Սուքիասյանը:
Նա նաև նշեց, որ կամավորների առաջին սկզբունքը պիտի լինի պատասխանատվության մեծ զգացումը, որը պետք է ուղեկցի նրանց ամենուր: Իսկ Խաչիկ Հակոբյանը երկու համոզմունք առանձնացրեց, որոնց փորձում է հետևել ամեն անգամ՝անլուծելի խնդիրներ գոյություն չունեն , և գոյություն չունեն նաև երկրորդական խնդիրներ: Իսկ արդեն միջոցառման երկրորդ հատվածում մրցանակաբաշխությանը ստացված 100-ից ավել հայտերից ժյուրիի անդամները պատվոգրեր հանձնեցին 5 լավագույններին։
«Տարվա լավագույն սպորտային կամավոր» անվանակարգում հաղթանակը շնորհվեց Մարիաննա Աճամյանին, «Բնապահպանական ոլորտում տարվա լավագույն կամավոր» անվանակարգում՝ Նարեկ Ադամյանին, «Տարվա ամենաակտիվ կամավոր» անվանակարգում՝ Անի Խաչատրյանին, «Տարվա լավագույն կամավոր» անվանակարգում՝ Օվսաննա Պապիկյանին և հատուկ մրցանակ Նորայր Գաբրիելյանին, ով նախորդ 5 ամիսների ընթացքում իր կամավոր ընկերների հետ Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երեխաների համար կազմկակերպել էր դպրոցական առարկաների դասընթացներ՝ուսումնական պրոցեսից ետ չմնալու համար:
Միջոցառումը իրականացնող «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության տնօրեն Մարինե Եղոյանը, Aravot-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ի սկզբանե տարակուսում էին, հիմա վստահ են՝ միջոցառումը ամենամյա է լինելու. «Այս մրցանակաբաշխությունը մեզ համար իսկապես սպասված էր և կարծում եմ ոչ միայն մեզ համար, այլ նաև այն մարդկանց, ովքեր երբևէ կամավորական աշխատանքով են զբաղվել։ Սա մեզ համար ձև է խրախուսելու այն մարդկանց, ովքեր մեկ տարվա ընթացքում կամավորական աշխատանք են իրականցրել և այս կամ այն միջոցառման կայացման գործում իրենց ներդրումն են ունեցել» Նրա խոսքերով՝ ուրախալի փաստ է այն, որ սփյուռքահայ կամավորներ ևս ներգրավվում են աշխատանքներում՝ բերելով իրենց հետ նոր մշակույթ, ու տվյալ երկրի կամավորական աշխատանքի փորձը ներկայացնելով ու օգտագործելով, որպեսզի դա տեղայնացվի»։
Մարիամ Եղոյանի խոսքերով՝ կամավորական աշխատանքի մշակույթը Հայաստանում դեռ զարգացման փուլում է:
Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև նախարարությունը՝ քաղաքականություն մշակող կառույց լինելու պատճառով ֆինանսապես չի կարող աջակցել, բայց այն հնարավորությունները, որոնք նախարարության համագործակցային ծրագրերի ներքո են, փորձում են հնարավորինս մասնակցային դարձնել երիտասարդության և կամավորների համար։
«Քանի որ բնապահպանական խնդիրները ձևավորվում են յուրաքանչյուրիս կենսագործունեության արդյունքում, չի կարելի այդ խնդիրները հաղթահարել պետական որևէ կառույցով կամ տեղական մարմիններով, այս խնդիրները լուծելի են միայն մի պարագայում, երբ ողջ հանրությունը գիտակցի և կամավոր սկզբունքներով իր կենսակերպը վերանայի և ծառայի շրջակա միջավայրին ։ Այս առումով նման միջոցառումները շատ բարձր եմ և կարևորում եմ մեր այսօրվա երիտասարդության մասնակցությունը մեր բնապահպանական առօրյայի ձևավորման գործընթացում»,-նշեց Հակոբյանը։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ