Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին:
Հոբելյանի առթիվ Հանրապետության Նախագահը շնորհավորել է և արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգև է հանձնել, ինչպես նաև կոչումներ շնորհել վաստակավոր կոլեկտիվի մի շարք ներկայացուցիչների:
«Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ես մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ նրանց և նաև նրանց նախորդներին շնորհակալություն հայտնել 80 տարի մեր ժողովրդին ծառայելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Չեքիջյանին և շնորհավորել նրա վաստակաշատ աշխատանքի համար, նրա համար, որ 56 տարի մաեստրոն այսպիսի եռանդով ու սիրով ղեկավարում է այս ներդաշնակ կոլեկտիվը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, այն հանդիսատեսին, որ այս 80 տարիների ընթացքում հաճույքով ըմբոշխնել է այս փառահեղ կոլեկտիվի կատարումները: Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ, որպեսզի երգչախումբը իր գործունեությունը շատ երկար շարունակի, մաեստրո՛, և Ձեր 56, 57 տարիներին գումարվեն ևս տասնամյակներ:
Շնորհակալ եմ ձեզ»,-ասել է Հանրապետության Նախագահը երգչախմբին ուղղված իր շնորհավորական խոսքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ