Aravot.am-ը «Շիրակ» կենտրոն հ/կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անդրադարձել վառելափայտի թանկացումը տնակներում, գործարանային հանրակացարաններում, վթարային շենքերում բնակվող գյումրեցիների վրա, հաջողվո՞ւմ է արդյոք օգնել նրանց հաղթահարելու դաժան ձմեռը։
«Նախորդ տարի մոտ 1850 ընտանիքի վառելափայտ տրամադրեցինք, մեկին քիչ, մեկին շատ։ Ընտանիքներ կային, որոնց ամբողջ ձմռան ընթացքում ստիպված տրամադրեցինք, ամեն ամիս ընտանիքը փայտ ստացավ, որովհետև այլ ելք չկար։ Պետք է խոստովանենք, որ նույնիսկ աղբամաններում այլևս չկա վառելանյութ, որովհետև Գյումրիում բնակչության թիվը պակասել է, սոցիալական վիճակը վատացել է, աղքատացել են, աղբանոցները նախորդ տարիների նման որպես վառելափայտի հայթայթման վայր չեն կարող ծառայել», -ասաց Վահան Թումասյանը։
Ըստ նրա, եթե իրենց կազմակերպությունն էլ որոշի վառելափայտ չբաժանել, անհասկանալի է, թե ինչի կլինի գյումրեցիների վիճակը։ Մեր զրուցակցի ասելով, եթե 5-10 տարի առաջ տնակային ավանների բնակիչների մոտ 50-60 տոկոսը նախապատրաստվում էր ձմռանը՝ հին կոշիկ, շոր հավաքելով, երբեմն նաև որոշակի քանակությամբ վառելափայտ գնելով, այս տարի ապօրինի ծառահատման արգելմամբ ուղղակի անհնար է դարձել։
«Ապօրինի ծառահատման դեմ պայքար մղվեց, շուկայում գրեթե բացակայում է փայտը, և մեկ խորանարդ մետրի գինը՝ 16-17 հազար դրամից հասել է 24-25 հազար դրամի։Ճիշտ է անօթևան ընտանիքի համար դա նշանակություն չունի, որովհետև ինքը 16-17 հազար դրամով էլ չէր կարող առնել, բայց չառնողների թիվն ավելացավ։ Եթե նախորդ տարի պատրաստվում էին 25-30 տոկոսն, այս տարի ընդամենը 5-10 տոկոսն են ձմռանը պատրաստվել», -ասում է Թումասյան Վահանը։
Նրա ասելով, նախորդ տարի Գյումրիում որևէ ցրտահարության դեպք չի եղել։ «Մեկնումեկը թող մտածի՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ամենացուրտ ռեգիոնը Շիրակն է, Երևանում եղավ, Ստեփանավանում, Լոռիում այդ անտառների մեջ են ապրում, բայց ցրտահարության դեպքեր եղան», -ասում է Վահան Թումասյանը։ Նրա ներկայացմամբ, իրենք խոցելի խավին հերթի էին դրել, թե ջերմաստիճանի նվազելուն պես ում հատկացնեն փայտը, սնունդը։ Այս տարի էլ պատրաստվում են վառելափայտ բաժանել, թեև 300 ընտանիքի արդեն իսկ բաժանել են։ Վահան Թումասյանի ասելով, այս ամենն անում են արտերկրյա բարերարների օգնությամբ, ու պետությունը պարտավոր է բացատրություն տալ։
«Պետությունը գոնե ինքը բացատրություն տա, լավ, էլի մենք բաժանենք, լավ եթե վառելափայտն արգելում ես, ի՞նչ ես առաջարկում։ Մոտավորապես 5000 ընտանիք տունը ջեռուցելու այլընտրանքային միջոց չունի, գազ չունի, տնակային ավաններում գազ չկա, հոսանքով չեն կարող տաքացնել։ Ես ուզում եմ իշխանություններին լսել, իրենց թշնամին չեմ, կարող է մի ձև գիտեն, որ ես չգիտեմ։ Ի՞նչ են մտածում, մարդիկ ո՞նց են գոյատևելու հատկապես ձմռան ամիսներին, իրենց տված նպաստո՞վ։ Էդ նպաստով ցամաք հաց չեն կարող առնել՝ 18-25 հազար դրամով չես կարող միայն սնվել։ Դրա համար էլ բանակից ազատված տղաների մեծ մասը տնակային ավաններից են։ Հիվանդություններն այնտեղ են»,- ասում է Վահան Թումասյանը։
Ըստ նրա, Գյումրիում են հավաքվել հանրապետության ողջ տարածքի աղքատները, նրանք իրենց տեղանքներում չեն կարող դոմիկներ դնել, թույլ չեն տալիս, գալիս Գյումրիում կան տնակ են տեղադրում կամ 5 հազար դրամով տնակներ վարձում, ու ինքնըստինքյան աղքատությունը տեղափոխվում է Գյումրի։ Իսկ քաղաքի բյուջեն իր փոքր միջոցներով չի կարող այդքան աղքատ պահել, հետևաբար և պետությունը իրավունք չունի այս ամենի վրա աչք փակել, անհրաժեշտ է սոցիալական արտոնություններ տալ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից