ՁԻԱՀ-ի կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հետ համատեղ ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ հանրապետության մի շարք քաղաքներում՝ Երևանում, Արմավիրում, Վանաձորում, Մարտունիում, Սևանում, Գավառում, Գյումրիում, իսկ դեկտեմբերի 1-ին Երևանում և Հրազդանում իրականացրել է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում 1103 մարդ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում արագ, անվճար և անանուն հետազոտություն են անցել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս վաղ շրջանում ախտորոշելու ՄԻԱՎ վարակը, իսկ հիվանդության վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված համապատասխան բուժումը թույլ են տալիս ՄԻԱՎ վարակով մարդուն ապրելու երկար, լիարժեք կյանքով, նաև կանխելու վարակն ուրիշներին փոխանցելը: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը հղի կնոջը հնարավորություն կտա ունենալու ՄԻԱՎ վարակից զերծ երեխա:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ պարբերաբար անցկացնում է հանրային միջոցառումներ հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացնելու, հետազոտվելը խրախուսելու, հասարակության մեջ առկա կարծրատիպերը փոխելու նպատակով: Միջոցառումների ընթացքում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի մոտ հետազոտվել ցանկացողների հերթերը վկայում էին, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքները տալիս են ցանկալի պտուղներ:
ՀՀ առողջապահության նախարարություն