2 օրից դեկտեմբերի 7-ն է եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց երկրաշարժից ու աղետի գոտուց, իսկ ելույթից հետո ԱԺ ամբիոնի մոտ խաչակնքվեց, նոր հեռացավ:
Նա ասաց, որ «այդ տարիներին վայ ղեկավարների օրոք միլիոններ եկավ եւ ցավոք, տեղ չհասավ բնակչությանը, որոշակի մարդիկ էլ գումարները գցեցին բանկերը, գումարները սառեցվեցին եւ բնակչությունը ոնց որ երկրաշարժին կանգնած էր իր հագի կոստյումով փողոցում, այդպես էլ մինչեւ այսօր կանգնած է: Ամեն երկրորդ տունը դատարկվում է»:
Նա ասաց, որ գյումրեցի տղամարդը սովոր է, որ դատարկ ձեռքով տուն չմտնի. «Երբ որ տուն է մտնում, երեխաներն ասում են՝ պապա՛ ջան սոված եմ, պապա ջան, հաց կուզեմ, էդ հոր սիրտն է պայթում»: Նա ասաց, որ 300 հազարանոց Լենինականում այդքան մարդ չէր մահանում, ինչպես 150 հազարանոց Գյումրիում: Ղուկասյանը նշեց, որ Երեւանի բյուջեն 85 մլրդ դրամ է, Գյումրիինը՝ 3. «Ես մի բան գիտեմ, երբ լենինականցիք պանելների տակից դուրս էին գալիս, ասում էին՝ ծո, խոմ Երեւանին բան չի՞ եղել, իսկ երբ երրորդ օրը Գորբաչովն եկավ, ասեցին՝ а как будет Карабахский вопрос?»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ