ՀՀ-ն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ 2018-ը մեր երկրի համար շատ կարեւոր տարի է՝ ֆրանկոֆոնիայի արժեհամակարգի տեղայնացման առումով:
2018-ի հոկտեմբերի 11-13-ին կարեւոր իրադարձություն է մեզ սպասվում, Ֆրանկոֆոնիայի լիագումար 17-րդ գագաթնաժողովն է ու Հայաստանը դառնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահող երկիր: Ըստ Մարգարիտ Եսայանի, սա բացառիկ է, քանի որ ՀՀ-ում ֆրանսերենը պետական լեզու չէ եւ մեր երկրում ֆրանսերեն խոսող մարդիկ մեծ թիվ չեն կազմում:
Պատգամավորն ասաց, որ ՀՀ ԱԺ-ն անելիք ունի, 2018-ի մարտին ԱԺ-ում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի կազմակերպության քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը ու պատգամավորները պետք է պատրաստ լինեն դրան:
ԱԺ-ի անունից դիմել են Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը, որ ԱԺ պատգամավորների համար դասընթացներ կազմակերպեն: Մարգարիտ Եսայանն ասաց, որ 2018-ին շուրջ 100 երկրների պատվիրակներ, ԱԺ նախագահներ, նախարարներ, երկրների ղեկավարներ գալու են Հայաստան եւ հույս հայտնեց, որ հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու համար պատգամավորները գոնե կենցաղային մակարդակի ֆրանսերեն կհասցնեն սովորել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ