Ներկայումս Ամուլսարում ոսկի հանք շահագործելու խնդրով դատական մի քանի հայց կա, որոնք հետևյալ զարգացումներն ունեն:
ՀՀ Վարչական դատարանում շարունակվում է Գնդեվազ համայնքի 8 բնակիչների ներկայացրած հայտի քննումը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով: Նշենք, որ հայցվոր հանդիսացող «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» ՀԿ-ները դատավոր Կարեն Զարիկյանի օգոստոսի 30-ի որոշմամբ դուրս մնացին դատական գործընթացից:
Արդյունքում «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանում: Սակայն օրեր առաջ պարզվեց, որ Վերաքննիչ դատարանում այդ բողոքը հնարավոր կլինի քննարկել միայն 2019 թվականի ապրիլի 26-ին: Այսինքն Հայաստանում ըստ էության անհնար է դառնում վարչական հայցերի բողոքարկումը։
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչական դատարանում գնդեվազցիների հայցի քննարկման ընթացքում, սույն թվականի նոյեմբերի 30-ին հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց երեք միջազգային փորձագիտական անկախ կազմակերպությունների (Blue Minerals Consultancy, Ավստրալիա, Buka Environmental, ԱՄՆ և Clear Coast Consulting, Inc., Կանադա) ուսումնասիրությունները Ամուլսարում ոսկու ծրագրի մի շարք բնապահպանական ռիսկերի մասին: Դատավորը ընդունեց ներկայացված փաստաթղթերը և ժամանակ տվեց «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցչին` դրանց ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստի օրը դեռ չի հայտարարվել:
Զուգահեռ նոր հայց է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության։ Հայցվորը Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքում հողատարածքի սեփականատեր, փաստաբան Հարություն Բաղդասարյանն է, ով պնդում է, որ խախտվել է իր սեփականության իրավունքը և պահանջում է իրականացնել Ամուլսարի ծրագրի նոր գնահատում և փորձաքննություն:
Հայկական բնապահպանական ճակատն էլ իր հերթին ՀՀ վարչական դատարան նոր հայց է ներկայացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության դեմ՝ Ամուլսարի ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար: Մասնավորապես հայցվոր կողմը դատարանից պահանջում է պարտավորեցնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը։ Այն է՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ) կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բոլոր եզրակացությունների պատճենները, մասնավորապես, որոնք վերաբերում են՝ 1) բացահանքերին, 2) հանքավայրի դատարկ ապարների լցակույտին, 3) նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման հարթակին, 4) ոսկու կորզման ֆաբրիկային:
Առայժմ այսքանը, սակայն մեզ բոլորիս դեռ սպասում են նոր դատական հայցեր և բացահայտումներ:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն