Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժին շենքերը քանդվեցին` ցեմենտն ու արմատուրան գողանալու պատճառով. Նիկոլայ Գրիգորյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2017 16:39

«Սողուն հողի վրա տուն են կառուցում, սելավատարի մեջ օբյեկտ են կառուցում, ուրբանիզացիոն գործընթացները սրընթաց են գնում` առանց լուծելու կենսական կարեւոր խնդիրները»,-այսօր «Արմենպրես» մամուլի սրահում պատասխանելով հարցին, թե որքանով է մեր բնակչությունը պատրաստ արտակարգ իրավիճակներին, ասաց «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը: Նրա խոսքով, կենցաղային անվտանգությունից սկսած` մինչեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները պահպանելն այսօր խնդիր է:

Պարոն Գրիգորյանի դիտարկումները` տեսանյութում

Սպիտակի երկրաշարժի տարելիցին ընդառաջ Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեց իր հեղինակած` Սպիտակի երկրաշարժի դասերը վերլուծությունը: Ըստ նրա, Խորհրդային միությունում սխալ է գնահատված եղել սեյսմիկ վտանգը եւ բոլոր հետխորհրդային երկրներում կառուցվել են սեյսմակայունությամբ ամենաշատը` 7-8 բալի համար` հաշվի չառնելով, որ հնարավոր է մինչեւ 11 բալանոց երկրաշարժ լինի. «Միայն շատ նեղ մասնագետներին էր հասու այդ տեղեկատվությունը: Մենք չգիտեինք, որ հողը կարող է շարժվել, ու շենքերը կարող են փլվել: Մենք չգիտեինք` ինչ է սեյսմիկ վտանգը եւ ինչ` սեյսմիկ ռիսկը»:

Պարոն Գրիգորյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց զանգվածային գողությունները շենք-շինություններ կառուցելիս, երբ շինարարության պատասխանատուները աջ ու ձախ վաճառել են շենքի շինարարության համար նախատեսված քարն ու փայտը, ավազը, ցեմենտը, արմատուրան, երկրաշարժի ժամանակ շատ շենքերի քանդման պատճառ են դարձել. «Մենք չգիտեինք ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ մասսայական գողությունների վրա աչք փակելը: Անորակ շինարարությունը դեռ մահվան սպառնալիք չէր»:

Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց է տվել, որ քանդված շենքերի տասը տոկոսի փլուզման պատճառ են հանդիսացել բնակիչների կողմից կատարած ապօրինի, ոչ նախագծային փոփոխությունները` կցակառույցները, միջնապատերը քանդելը, նկուղներ փորելը, տանիքներ ավելացնելը. «Մենք գիտեինք, թե փոփոխությունների թույլտվությունը չինովնիկների քմահաճույքն է ու անաշխատ եկամտի ձեռքբերման պարարտ դաշտը: Մենք չգիտեինք, թե ինչքան թույլ ու խոցելի ենք դարձնում մեր բնակատեղիները, աշխատավայրերը, մեր երեխաների դպրոցներն ու մանկապարտեզները: Այս տեղեկատվությունը հույժ կարեւոր է նաեւ այսօր, որովհետեւ համատարած շարունակվում են ինքնակամ փոփոխությունները»:

Որպես ոլորտում երկարամյա գործունեություն ծավալած անձ, Նիկոլայ Գրիգորյանը կարծում է, որ Սպիտակի երկրաշարժի դասերը առավել քան արդիական են դառնում, ահագնանում է քաղպաշտպանական ռիսկը. «Հայի ամեն մի սերունդ իր բաժին պատերազմն ու երկրաշարժն է ունենում, եւ դատապարտված է իրազեկ, պատրաստված եւ պաշտպանված լինելու»:

Նիկոլայ Գրիգորյանի խոսքով, «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը 20 տարեկան է. «Արտակարգ ալիքը ձեւավորում է Արտակարգ ակումբ` դիմակայունության, պատրաստվածության եւ անվտանգության մշակույթ ձեւավորելու օրակարգով: Նշանաբանն ինչպես նախորդ տարիներին նույնն է` ով իրազեկված է, նա պաշտպանված է: Մենք կստեղծենք հանրային իրազեկման, ճգնաժամային հաղորդակցության, հանրային կապերի, PR-ի լավագույն փորձի եւ քաղած դասերի հանրամատչելի շտեմարան: Կմիավորենք բոլոր տեսակի լրատվական կենտրոնները, ռեսուրս կենտրոնները, կազմակերպությունները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031