Այսօր Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը լրագրողներին ներկայացրեց տարեկան գործունեությունն ու արդյունքները:
Ավակյանի վստահեցմամբ՝ այս տարի 15.3 միլիոն դոլարի ներդրում են ապահովել դեպի Հայաստան, 5,3 միլիարդ դրամի էլ՝ արտահանում:
Այս տարի հիմնադրամն, Ավակյանի խոսքերով ասած՝ մշակել եւ փաթեթավորել է 1.5 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր:
Հիմնադրամը հաշվարկել է՝ ակնկալում են 124.5 միլիոն դոլարի ներդրում, եւ 300 միլիոն դրամի արտահանում:
Ինչպես է աշխատում հիմնադրամը. Ավակյանն ասում է՝ 4 փուլ կա. «Անալիտիկա՝ հետազոտություն, մշակում, փաթեթավորում, հետո տարածում կամ բաշխում: Այսինքն՝ մենք ստանում ենք տեղեկություն, որը «եփում ենք», փաթեթավորում ենք, որ սիրուն տեսք ունենա, բանտիկ ենք դնում եւ ուղարկում ենք, բաշխում մեր ցանցով դուրս, որ գնա դրսում ֆինանսավորում գտնի»:
Ըստ Ավակյանի, այս պահին 7 ծրագիր, 10 միլիոն դոլար արժողության, հետազոտության փուլում է, 4 ծրագիր, 55 միլիոն արժողությամբ, մշակման փուլում է, փաթեթավորման փուլում 9 ծրագիր է 91 միլիոն դոլար արժողությամբ, եւ 9 ծրագիր էլ՝ 1.4 միլիարդ դոլարի, այսպես ասած՝ իր ֆինանսավորողներին է փնտրում, այսինքն՝ տարածման փուլում է:
Մանրամասն՝ տեսանյութում
Հիմնադրամի աջակցությամբ սննդարդյունաբերության, ոսկերչության, թեթեւ արդյունաբերության, կոշիկի արտադրության,գինեգործության եւ այլ ոլորտների 70 ընկերություն այս տարի մասնակցել է միջազգային ցուցահանդեսների, ինչի արդյունքում օտարերկրյա մեծածախ գնորդների ու մատակարարների հետ կնքվել է 5.1 միլիարդ դրամի արտահանման պայմանագիր:
«Այս տարի մասնակցել ենք «WorldFood Moscow» ցուցահանդեսին, եւ չնայած գլխավոր հովանավորը Ադրբեջանն էր, մենք կարողացանք ոչ միայն հաղթել՝ ճանաչվել լավագույն տաղավար, այլեւ կարողացանք կնքել բազմաթիվ պայմանագրեր»,-ասաց Ավակյանը:
Ավակյանը վստահեցրեց՝ միջազգային էքսպոների ժամանակ 5.3 միլիարդ դրամի պայմանագիր է կնքվել:
«Անցած տարի եթե մենք ծախսում էինք 1 դրամ, դրա դիմաց Հայաստանի տնտեսություն մտնում էր 10.7 դրամ, արտահանման տեսքով: Այս տարի մենք ծախսել ենք 1 դրամ եւ ստացել ենք 23.8 դրամ»,-վստահեցրեց Ավակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Հիմնադրամի գործառույթը ներկայացնելիս, Ավակյանը մի օրինակ բերեց՝ ասենք՝ գործարարը ցանկություն ունի գառան դմակ արտահանել ԱՄՆ, դիմում է հիմնադրամին, վերջինս էլ սկսում է հետազոտել գաղափարի, այսպես ասած՝ խելքին մոտ լինելն ու հնարավորությունը:
Ասուլիսին լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ իրո՞ք ցանկություն կա Հայաստանից գառան դմակ ԱՄՆ արտահանել: Ավակյանն ի պատասխան ասաց, որ դա ընդամենը օրինակ էր, բայց եթե պահանջարկ լինի, դա էլ կարող են ճիշտ փաթեթավորված ծրագրով իրականացնել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ