Կիևում Սաակաշվիլիի համախոհները թույլ չեն տվել ազգային անվտանգության աշխատակիցներին տանել ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հաղորդում է inforesist.org պորտալը: Նշվում է, որ ակտիվիստները կոտրել են մեքենայի պատուհաններն ու ետևի դուռը:
Սաակաշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել իր համախոհներին՝ հայտարարելով, որ «մինչև վերջ կմնա Ուկրաինայում, կմեռնի հանուն Ուկրաինայի»: «Իմ կյանքը ձեր կյանքն է, այն ձեզ է պատկանում»,- ամբոխի բացականչությունների տակ ասում է Սաակաշվիլին:
Նա ուկրաինացիներին կոչ է արել ոչնչից չվախենալ և շարժվել դեպի խորհրդարան և պահանջել նախագահի իմփիչմենթը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության աշխատակիցները գրոհել էին Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի բնակարանը՝ խուզարկման նպատակով: Ավելի ուշ նրանք ձերբակալեցին տանիք բարձրացած Սաակաշվիլիին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ