ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ընտանիքին պատկանող բիզնեսները համահունչ են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց այն դիտարկումներին, որ ի հեճուկս Հայաստանի տնտեսության վատ վիճակի եւ մեր երկրում աղքատության ցուցանիշի աճի, օլիգարխների բիզնեսները աճում են:
Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ զբաղված է եւ չի կարողանում տնտեսական գործունեություն ծավալել, հենց ժամանակ ունեցավ՝ զբաղվելու է իր ընտանիքին պատկանող բիզնեսների զարգացմամբ եւ ընդլայնմամբ:
Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմում է 24,6 տոկոս, այսինքն՝ 10 մարդուց 3-ը աղքատ են:
Վահրամ Բաղդասարյանը չի հերքում՝ Հայաստանում աղքատությունը վտանգավոր մակարդակ ունի: Բայց ասում է, որ կառավարությունը գործիքներ է փնտրում աղքատությունը նվազեցնելու համար:
Aravot.am-ի դիտարկմանը՝ 10 տարուց ավելի ՀՀԿ-ն իշխանություն է եւ գործիքներ է փնտրում, գուցե լա՞վ չեն փնտրում, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Դուք մի կասկածեք մեր փնտրտուքների վրա»:
Հետո հավելեց, որ եթե այս իրավիճակը իշխող ուժին գոհացներ, իրենք չէին գնա կառավարման համակարգի փոփոխության: Իսկ դրանից ակնկալում են մեծ փոփոխություններ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ