Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այժմ էլ իր ընկերն է: Չեն հանդիպում, թեյ, սուրճ չեն խմում՝ Վահրամ Բաղդասարյանի զբաղվածության պատճառով: Անկախ իր ընկերը լինելու հանգամանքից, Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է՝ պարտավոր չէ կիսել Սեյրան Օհանյանի քաղաքական հայացքները, միեւնույն է, նրան համարում է լուրջ պետական գործիչ:
Նաեւ ասում է՝ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր հայտարարում են, թե եթե իրենց կամ իրենց ընտանիքի հետ ինչ-որ բան պատահի՝ մեղավորը իշխանությունն է, ընդամենը քաղաքական PR-ով են զբաղված:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում լուրեր էին պտտվում, որ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանին հնարավոր է ձերբակալեն: «Բայց ձերբակալեցի՞ն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը: Իսկ լրագրողները հետաքրքրվել էին, թե ինչ է մտածում իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով ի հայտ եկած նոր հանգամանքների մասին:
Հիշեցնենք, օրերս հրապարակվեց Վահան Շիրխանյանի եւ Արթուր Վարդանյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանին պատմում է, որ իշխանափոխության իրենց պլանը համաձայնեցված է Սեյրան Օհանյանի հետ, վերջինս էլ համամիտ է, որ գործող իշխանությունները իրենց օլիգարխներով այս տարիների ընթացքում թալանել են երկիրը:
Վահրամ Բաղդասարյանը համաձայն է՝ իր հայտարարությամբ Սեյրան Օհանյանը պետք է լույս սփռի այս պատմության վրա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ