ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է լրջորեն մտածի, թե այդ ինչպես է, որ Հայաստանում մեկ տարվա ընթացքում չորս տարբեր զինյալ խմբեր հայտնաբերեցին, որոնց թիրախում հենց ինքն էր:
«Պարոն Սարգսյան, ինչի համար է, որ ցանկացած մարդ կարող է զենք վերցնի, ընկնի ձեր հետեւից, ով ինչ զենք էլ առնի, թիրախը դուք եք: Ինչ իմանամ, այդ խողովակը, որ պտտացրիք, զենք սարքեցիք, մեր ազգային հերոսի գլխին ջարդելու համար, հենց ձեր վրա էր ուղղված, ոչ մեր թշնամո՞ւ, անհարմար է, չէ՞: Մի տարվա մեջ չորս դեպք ունենք, որ ձեր հետեւից են ընկել, էդքան վա՞տն եք դուք: Երբ նայում եմ այդ գործերի ընթացքը, լրիվ ուրիշ բան եմ կարծում, սկսած թվացյալ ահաբեկչությունից, որ էն հիվանդ Շիրխանյանին սայլակով բերում եք դատարան, ընկնում է գլուխը ջարդում, վերջացրած Սամվել Բաբայանի գործով, որ մեկն ասեմ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Անդրադառնալով NTV-ով հայտնի հակահայկական հաղորդմանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման թեմայով, պարոն Եղիազարյանն ասաց. «Չեմ կարծում, որ նման խոսակցությունները հանպատրաստից են ծնվում, դա մեր արտաքին քաղաքականության հայելային անդրադարձն էր: Իհարկե, այլանդակություն էր, երբ ՀՀ-ն համեմատեցին կնոջ հետ, այդ չորս այլանդակները, բայց ի վերջո ունենք պետական այրերի կարծիք, որը այդ հնչեցվածների նման չէ: Ինձ համար կարեւոր էր Զախարովայի հայտարարությունը, թե ինչ են մտածում Հայաստանի մասին, ոչ թե այն չորս դուրսպրծուկների խոսակցությունը: Հետաքրքիրն այն էր, որ մեր մամուլն անդրադառնում է այդ չորսին ու ոչ մի բառ չի ասում այն երկուսի մասին, հատկապես այն քաղաքական գործչի, որ ասաց՝ համբերեք, դուք խոսում եք մեր ռազմավարական դաշնակցի մասին, հաշվետու եղեք՝ ինչ եք խոսում »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ