ՄԻԱՎ-ով ապրող կնոջը թույլ չեն տվել, որ գնա ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, ստանա հակառետրովիրուսային դեղորայք, կամ երբ բուժհաստատությունում իմացել են կնոջ՝ ՄԻԱՎ-ով ապրելու մասին, խորհուրդ են տվել հղիության արհեստական ընդհատում անել: Եղել են դեպքեր, երբ մոր ՄԻԱՎ կարգավիճակն իմանալով՝ զավակը նրան տնից դուրս է հանել: Մեկ այլ դեպքով էլ սկեսուրը թույլ չի տվել, որ ՄԻԱՎ վարակով ապրող հարսը գնա, բուժում ստանա:
«Մեդիա կենտրոնում» «Բռնության ենթարկված կանանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը» խորագրով հրավիրված քննարկմանը «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Ժենյա Մայիլյանը տեղեկացրեց, որ Հայաստանը միացել է «Բռնությանն արդարացում չկա» տարածաշրջանային արշավին: Նա հայտնեց, որ 2013-ին հիմնադրվել է ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող եվրասիական կանանց ցանցը, որին անդամակցող 11 երկրների շարքում է Հայաստանը: Արշավի շրջանակներում հավաքագրվել և ֆեյսբուքով տարածվում են ՄԻԱՎ-ով ապրող կանանց մասին պատմություններ: ՀՀ-ից հավաքագրվել է երեք պատմություն:
Ժենյա Մայիլյանը տեղեկացրեց, որ արշավի ընթացքում ՀՀ-ում թիրախավորվել են երիտասարդ աղջիկներն ու կանայք, որոնք խոցելի են ՄԻԱՎ-ի և բռնության նկատմամբ: Այս առիթով նա նշեց. «Պատմությունների միջոցով փորձում ենք բարձրացնել իրազեկվածության մակարդակը ու վերահաստատել այն փաստը, որ ոչ ոք ապահովագրված չէ ոչ ՄԻԱՎ-ով վարակվելուց, ոչ էլ բռնության ենթարկվելուց»:
Դառնալով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունմանը՝ Ժենյա Մայիլյանը շեշտեց, որ օրենքը մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնեն, որ, օրինակ, ապաստարանները ծառայեն բոլորին. «Կուզենամ, որ ապաստարան ընդունվողների կանոնակարգերում հաշվի առնեն նաև ՄԻԱՎ-ով ապրող կանանց և հասկանան, որ նրանք որևէ վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար»:
Տիկին Մայիլյանը տեղեկացրեց, որ 10 տարի առաջ, երբ հանրային իրազեկման միջոցառումներ էին անում և այսօր կարելի է փաստել, որ հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացել է:
Անդրադառնալով անհատների կյանքի պատմությունները ներկայացնելու դրական ազդեցությանը՝ Ժենյա Մայիլյանը նկատեց. «Երբ կյանքի պատմությունները պատմում ենք, մարդիկ հասկանում են, որ այդ պատմության մեջ իրենք մի հատիկ ունեն, յուրաքանչյուրն ինքն իրեն տեսնում է դրա մեջ: Իսկ երբ մարդն իրեն նույնականացնում է տվյալ հերոսի հետ, մտքի ծայրով մտածում է, որ նույնը կարող է պատահել նաև իր հետ»:
«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանն էլ նշեց, թե պատմությունների հավաքագրումը բարդ գործընթաց է. «Նախ բացատրում ենք, որ ոչ մի անձնական տվյալ չի հրապարակվելու: ՄԻԱՎ-ով ապրող կանայք և ընդհանրապես ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ներքուստ վախ ունեն, որ իր պատմությամբ իրեն կարող է ճանաչեն: Պատմությունների հերոսները բռնության ենթարկված կանայք են: Պատմությունից մեկի հերոսուհին արդեն ողջ չէ, մահացել է ընտանեկան բռնության պատճառով: ՄԻԱՎ-ով ապրող կինը կանոնավոր պետք է դեղեր ընդուներ, բայց գտնվել է հոգեբանական և ֆիզիկական բռնության ներքո, տնից չի կարողացել դուրս գալ, ամուսինը տրամադրել է սահմանափակ սնունդ: Այս դրվագն իր հարազատների խոսքերով ենք մենք իմացել հետմահու: Մեկ այլ պատմության հերոսուհին մի կին է, որը բռնության ենթարկվելու պատճառով լքել է տունը երեխաների հետ: Հիմա նա ֆինանսական օգնության կարիք ունի, ապրում է վարձով: Բացի այն, որ պետք է հետևի իրեն՝ կանոնավոր խմի դեղերը, նա մտածում է՝ ոնց իր երեխաներին պաշտպանի, գումար հայթայթի ու պաշտպանվի բռնությունից»:
Ըստ Աննա Աբգարյանի՝ ՄԻԱՎ-ով ապրող կանայք կրկնակի խոցելի են բռնության նկատմամբ. խնդիրը ոչ թե ընտանիքներում է, այլ համակարգային: Տիկին Աբգարյանը համոզված է, որ եթե հասարակության մեջ ճիշտ մոտեցում լինի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, չլինի խտրականություն, լինի բռնության դատապարտում, միգուցե իրենց հերոսուհին, որի նկատմամբ բռնություն է կիրառվել, կբարձրաձայներ այդ մասին և նման ճակատագրի չէր արժանանա:
Որպես դրական վիճակագրական տվյալ՝ քննարկմանը ներկայացվեց այն, որ ՄԻԱՎ-ով ապրող կանանցից ՀՀ-ում ծնվել են 200 և ավելի առողջ երեխաներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի