Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանն առաջարկում է բանակից խուսափած 11 հազար տղաներին ներել ու կանչել Հայաստան՝ առանց փող մուծելու

Դեկտեմբեր 05,2017 14:52

«Այն, որ օրենքը չի կարող այսպես շարունակ երկարացվել, դա փաստ է, բոլորս հասկանում ենք, որ այլեւս այսպես շարունակել չի կարելի: Այն, որ ունենք մոտ 11 հազար արական սեռի ներկայացուցիչներ, որոնք հետախուզման մեջ են, դա էլ է փաստ: Այն, որ ՊՆ նախարարը ԱԺ ամբիոնից ասաց, որ բարոյական չէ փողով բանակից ազատվելու այդ համակարգը, դա պետք է հանվի, բայց հետո ՊՆ-ն եկավ ասաց՝ փողը քիչ է, եկեք ավելացնենք, դա ինձ համար անհասկանալի է»,- ԱԺ-ում աղմկահարույց օրենքի՝ բանակից խուսափած 27 տարեկանների նախագծի  քննարկման ժամանակ ասաց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա, լավ օրից չեն, որ մեր քաղաքացիները դրսում են ու չեն կարողանալու վճարումները կատարել:

Նա մի առաջարկություն ներկայացրեց. «Այս 11 հազար ՀՀ քաղաքացիների համար մենք այլ մոտեցում ունենանք՝ պետական մոտեցում: Ասենք՝ փող, բան, ոչ մի բան պետք չի, դադարեցնում ենք քրեական հետապնդումը, եկեք ձեր երկիր, քրեական գործերը փակում ենք: Բոլորին տանք երկու ուղերձ, որ մենք ներում ենք հետախուզման մեջ եղած մարդկանց, ասում ենք՝ եկեք երկիր, երկիրը ձեր կարիքն ունի եւ երկրորդ ուղերձը՝ ովքեր խուսափեցին, քրեական խիստ պատասխանատվության են ենթարկվելու, կարող եք անգամ Քրօր-ի սանկցիան ավելացնել՝ բանակից խուսափելու համար: Թե չէ մենք մարդկանց կարիքն ունենք, մենք փողի կարիքն ավելի քիչ ունենք, մարդկային, արական սեռի ներկայացուցիչների կարիքն ունենք»:

ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչեւ 26 տարեկանը գալիս են Հայաստան, նրանցից ոչ մի կոպեկ չի գանձվելու, նրանք գնալու են բանակ՝ ծառայելու: Բոլոր այն քաղաքացիները, որոնք շարքային կազմում են եւ ունեն 2 երեխա, նրանք երբ էլ գան՝ բարով են եկել, նրանք արդեն ունեն հիմք զինծառայությունից ազատվելու: Ովքեր ունեն առողջական խնդիրներ, կապ չունի ինչքան են խուսափել, խուսափած զորակոչերի համար վճարում են, դրանից հետո ազատվում են բանակից՝ օրենքով:

Նա ասաց, որ ամեն ինչ հազար ձեւի չափել են, նոր կտրել, ուսումնասիրել են այս 15 տարիների փորձը: Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենց գումարը չի հետաքրքրում, բայց զսպող մեխանիզմներ են պետք, որովհետեւ մարդիկ թուղթ ու գրիչը ձեռքը վերցրած՝ հաշվարկներ են անում, ասում են՝ 10 տարի հետո կգամ, փողը կտամ ու կազատվեմ:

Նա ասաց, որ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում պոպուլիզմը տեղին չէ. «Այդ քաղաքացիների մասին մենք ավելի շատ ենք մտածում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031