«Համարենք, որ այն, ինչ դատավարության ընթացքում տեղի է ունենում, վերջնական կդառնա միայն օրինական դատավճռով: Եթե ձայնագրությունը ճիշտ է, ապա դա բավականին ծանր հետևանքներ պետք է ունենա, որովհետև մարդիկ, որոնք ժամանակին զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, անթույլատրելի է, որ նման արկածախնդիր մարդկանց հետ գնան համագործակցության, որոնք զինված գործողություն են անելու ՀՀ-ի ներսում: Եթե սա ճիշտ է, ապա ով էլ լինի, պետք է խիստ դատավճիռ լինի»,-այսօր «Տեսակետ» ակումբում անդրադառնալով Նորք Մարաշում 2015 թվականին վնասազերծված «զինված խմբի» գործով հրապարակված սկանդալային ձայնագրության արձանագրությանը, որով այդ գործով ամբաստանյալներ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը խոսում էին հեղափոխության մասին, որին իր աջակցությունն է իբր հայտնել այն ժամանակվա ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝ ասաց Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Եղել են նման դեպքեր, որ տրվել են մարդկանց անուններ, որոնք կապ չեն ունեցել գործի հետ, ու այդ մարդիկ ջրից չոր են դուրս եկել: Ես կցանկանայի հավատալ այս տարբերակին, բայց եթե պարզվի, որ նման խոսակցություն եղել է, ապա հետևանքները ծանր պետք է լինեն: Որևէ կերպ չի կարելի արդարացնել նման բանը, առավել ևս՝ ՊՆ նախարարի կողմից, քանի որ ՊՆ նախարարը համարվում է պետության 2-րդ դեմքը: Սակայն որևէ բան հայտնի չէ դեռ և լուրջ պետք է ուսումնասիրվի…բայց մի մոռացեք մի հանգամանք, որ Սեյրան Օհանյանին նաև այլ բարձր պաշտոն էր առաջարկվել, մի մոռացեք, որ իշխանությունն այս ամենը ձեռքի տակ ունենալով՝ միևնույն է, փորձում էր հասկանալ իրականությունը: Սակայն այն, որ արձագանք չկա դեռևս, նշանակում է, որ մտորումների տեղիք է տվել, կարող է փաստ է, որի դեմ առարկել հնարավոր չէ: Կարող է, ճիշտ չի ասել Վահան Շիրխանյանը, քանի որ կան մարդիկ, որոնց ես տեսել եմ, չէ որ մի քանի գործով անցել եմ, ու ամբողջությամբ մեղավոր մարդիկ են եղել, իրենց անունները չեն տրվել, սակայն դատվել են անմեղները»,- շարունակեց Գառնիկ Իսագուլյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ