«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց ԱԺ-ի քննարկմանը: Նախագիծը վերաբերում է 27 տարին լրացած այն տղաներին, որոնք բանակում չեն ծառայել ու եթե վերադառնան՝ քրեական հետապնդման կենթարկվեն:
Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ արդեն 9-րդ անգամ են օրենքում փոփոխություն կատարում եւ առաջարկում են ժամկետը երկարացնել ու 27 տարին լրացած տղաներին թույլ տալ վճարում կատարելու դեպքում քրեական հետապնդումից ազատվել:
Առաջին ընթերցումից հետո «Ելքը» առաջարկություններ էր ներկայացրել, բայց Կարինե Աճեմյանն ասաց, որ առաջարկությունները մերժվել են, քանի որ դրանք չեն համապատասխանում այն տրամաբանությանը, որ այս օրենքի հիմքում դրված են: Կառավարությունը այլեւս չի ուզում երկարացնել օրենքի ժամկետը, մենք պատերազմող երկիր ենք եւ ՊՆ-ն չի ցանկանում, որ սա խթան լինի, որ տղաները խուսափեն պարտադիր զինծառայությունից:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ 9-րդ անգամ է փոփոխություն կատարվում օրենքում, ունե՞նք վիճակագրություն, թե այս տարիներին քանի՞ քաղաքացի է օգտվել այս օրենքի ընձեռած հնարավորությունից եւ վճարում կատարելով ազատվել քրեական հետապնդումից բանակում չծառայելու համար եւ ունե՞նք վիճակագրություն, թե նրանցից քանիսն են մնացել ՀՀ-ում:
Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի, թե քանիսն են մնացել, բայց այս տարիներին 8 մլրդ-ից ավելի գումար է փոխանցվել բյուջե եւ տարեկան հազարից ավելի մարդիկ են վերադարձել:
Փաշինյանն ասաց, որ 9 տարվա ընթացքում մոտ 4000 հոգի է եկել եւ դա այնքան էլ բարձր ցուցանիշ չէ, մոտ 12 հազար հոգի այսօր հետախուզվում է՝ ժամկետային զինծառայությունից խուսափելու մեղադրանքով, ընդ որում, նրանք այն մարդիկ են, որ կցագրված են եղել, մոտ այդքան էլ տղաներ կան, որ մանուկ հասակից են գնացել՝ մինչեւ կցագրվելը, սա նշանակում է, որ օրենքն այնքան էլ լավ չի գործում:
ՊՆ նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ասաց, որ 10 մլրդ դրամի մուծումներ են իրականացվել այս տարիներին: Իսկ ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հրապարակեց վճարումով ազատված քաղաքացիների թիվը. 9 տարիների ընթացքում 9147 քաղաքացի:
Արտակ Զաքարյանը նշեց, որ այնուամենայնիվ, սա բանակից խուսափածների մասին օրենքի նախագիծ է, որովհետեւ եթե նույնիսկ մանուկ հասակում են գնացել, 18 տարեկան դառնալով՝ նրանք պիտի իմանային, որ պարտք ունեն պետության առաջ ու շատերը եկել են՝ պարտքը տալու, բարեխիղճ ծառայել են ու գնացել են, ոչ թե սպասել են, որ օրենքի ժամկետը փոխեն ու իրենք գան:
Այնպես որ բանակից խուսափելու ծրագրեր ունեցող մարդկանց հնարավորություն չտալու համար առաջարկում են օրենքը ինչ-որ ժամանակ անց դուրս գա իրավական համակարգից:
Փոխնախարարն ասաց, որ իսկապես շատ քաղաքացիներ սպասում են դրսում այս օրենքի ընդունմանը, բայց նրանց պետք է ասվի՝ հարգելի քաղաքացիներ սա վերջին հնարավորությունն է, մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը օգտվեք ձեր այս հնարավորությունից՝ հաշվառվել եւ մուծումներով ձերբազատվել պատասխանատվությունից:
«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց՝ այն անձանց հետ, որոնք մինչեւ 2019-ի դեկտեմբերը չեն գալիս ներկայանում, նրանց հետ ի՞նչ եք անելու: Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ովքեր չեն ներկայանում, ունեն մի քանի ճանապարհ՝ կամ դատական կարգով կատարած հանցագործության համար կրել պատասխանատվություն, կամ շարունակել օտար ափերում անցկացնել ժամանակ»:
Արտակ Զաքարյանը նշեց, որ մենք գործ ունենք միջին կարգի ծանրության հանցագործության հետ. «Հիմա եթե մեկը գողություն է անում կամ մարմնական ծանր վնասվածք է հասցնում, մենք ասում ենք՝ լավ դե մեր քաղաքացին է, թող գա, չդատե՞նք իրեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ