2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստն այսօր վերսկսվելուն պես «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ չեն պատրաստվում լսել իրենց մեղադրական եզրակացությունները, քանի որ դրանք շինծու են:
Ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը հայտարարություն արեց՝ ՀՀ իշխանություններին մեղադրելով Արցախի ազատագրված տարածքներն Ադրբեջանին զիջելու պատրաստակամության մեջ:
Նա նշեց. «Յոթ «ադրբեջանական» շրջաններ ցանկանում են զիջել Ադրբեջանին: Նման պայմաններում գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ Մոնթե Մելքոնյանին են ցույց տալիս: Մոնթեն իր կյանքը տվել է նրա համար, որ այդ յոթ շրջանը, որոնք ադրբեջանական չեն…այս պահին պետական դավաճանություն է կատարվում»:
Դիմելով մեղադրող-դատախազ Արթուր Չախոյանին՝ Գերավետյանը բղավեց. «Դուք համաձա՞յն եք հողերը հանձնելուն: Եթե պատասխան չկա, մենք նիստերի դահլիճում անելիք չունենք: Նրանց բերեք ու դատեք, ովքեր պետական դավաճանություն են անում: Ամեն անգամ կարոտով Արարատին ենք նայում, բայց հիմա ուզում են ազատագրված հողեր հանձնել: Թուրքը երբեւէ ասո՞ւմ է՝ եկեք Արարատը, Վանն ու Սասունը տանք հայերին»:
Դատավորն, ի վերջո, բավարարեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունն առ այն, որ նրանք իրավունք ունեն չգտնվելու դահլիճում, եւ թույլատրեց հեռանալ:
Նիստերի դահլիճում մնացին դատավորը, երկու դատախազներն ու յոթ պաշտպանները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ