«Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը լրանում է մինչեւ 2020 թվականը` յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի՞ տոկոս թանկացում է սպասվում… առհասարակ դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Լրագրողները հետաքրքրվել էին, թե որքա՞ն թանկացումներ կլինեն հունվարի 1-ից, երբ գործողության մեջ մտնի Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը: Այս այսօր քննարկվում էր խորհրդարանում:
Վախթանգ Միրումյանը մանրամասնում է`ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը առհասարակ մաքսատուրքերի հարցին չի առնչվում, քանի որ մաքսատուրքերի հարցը կարգավորվում է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, որով սահմանված է միասնական մաքսատուրք:
ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով նախատեսված դրույքաչափերի փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանում գների վրա, Վախթանգ Միրումյանը հստակ չի կարող ասել. «Օրինակ, թռչնի մասի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահմանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպե՞ս դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»:
Վախթանգ Միրումյանը հստակեցնում է`ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում: Այսինքն, եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵԱՏՄ երկրներից ներմուծումներով, ապա մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա. «Նաեւ, մենք ունենք ազատ առեւտրի մասին համաձայնագրեր մեր գործընկեր այլ երկրների հետ: Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծումներով, բնականաբար, կստացվի, որ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված էր Հայաստանին, դա նաեւ տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է: 2015 թվականին մենք արդեն գիտեինք, որ 2018-ից տեղական արտադրողն ավելի լայն հնարավորություններ է ունենալու, սա նաեւ հնարավորություն է տեղական արտադրողի համար, օրինակ, թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար»:
Այս քաղաքականությունը, ըստ Վախթանգ Միրումյանի, կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների մեջ ակտիվ առեւտրին: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ համաձայնեց`նաեւ երրորդ երկրներից Հայաստան ներմուծումների կրճատվելուն. «Այո, եթե մաքսատուրքի դրույքաչափերը բարձրանում են, ստեղծվում է այլ հավասար պայմաններում հնարավորություն՝ այնպիսի երկրներից ներմուծելու, որտեղ մաքսատուրքերի ազդեցությունը չեզոքացվում է»:
Այս ամենով հանդերձ, Վախթանգ Միրումյանը եւս պնդում է` 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել:
Արդեն իսկ եղած թանկացումները ՊԵԿ փոխնախագահն այսպես է արդարացնում` դրանք մաքսատուրքերով պայմանավորված չեն: Հարցին`թանկացումներն իր ընտանիքի վրա ինչպե՞ս են ազդել, նա պատասխանեց. «Ավելի շատ դրամական միջոցներ եմ կորցրել»:
Վախթանգ Միրումյանը նաեւ վստահեցրեց` ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը չի պարունակում որեւէ դրույթ, որը կարող է վտանգել, խեղաթյուրել կամ հակասություններ առաջացնել այն պարտավորությունների մասով, որը Հայաստանը ստանձնել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության առաջ: «Ավելին, եթե մենք համեմատենք, թե Եվրոպական միությունը եւ ԵՏՄ-ն ինչպիսի կարգավորումներ են նախատեսում Մաքսային նոր օրենսգրքերում, պետք է մի հստակ բան արձանագրենք`երկու օրենսգրքերում սահմանված մոտեցումներն էլ հիմված են Կիոտոյի կոնվենցիայի հիմնարար սկզբունքների վրա: Եվ այստեղ որեւէ հակասությունների մասին խոսք չկա»: Նա վստահեցնում է` ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը խնդիրներ չի ստեղծի նաեւ Եվրամիության հետ Հայաստանի կնքած համաձայնագրի իրագործման համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ