Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շնող համայնքի բնակիչները ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում են հետ վերադարձնել «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման նախագիծը

Դեկտեմբեր 05,2017 13:46

ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի 86 բնակիչներ նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` պահանջելով,  որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին հետ վերադարձնի Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագիծը: Բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն վերացնի արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, փոխհատուցի շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված վնասը: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին:
Շնողեցիների նամակում գրված է. «ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում «Թեղուտ» ՓԲԸ-ն անցկացրել է հանրային լսումներ Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագծի վերաբերյալ:

«Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում Շնող գետը և մեզ պատկանող տարածքները պարբերաբար և մշտապես աղտոտվում են արտահոսքերով և արտանետումներով՝ պարբերաբար պատճառելով մեզ տնտեսական վնասներ: Ջրի և մեր հողերի աղտոտման հարցը մենք բազմիցս բարձրացրել ենք «Թեղուտ» ՓԲԸ-ի առաջ` պահանջելով վերացնել արտահոսքերի և արտանետումների պատճառները և վերականգնել մեր` մաքուր ջուր, մաքուր օդ, մաքուր հող ունենալու և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքները, փոխհատուցել մեզ այս տարիների ընթացքում պատճառված տնտեսական վնասները: Սակայն իրավիճակը մնում է նույնը, և արտահոսքերը շարունակում են թունավորել մեր շրջակա միջավայրը:

Ասվածի ապացույցն է Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալության» (EKF) և PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի որոշումը դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը հետ պահանջելու մասին։

Իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ն նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը Վալլեքս ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։ «Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։Նախքան այս տարվա ամառային արձակուրդները, ծրագրի հավանականդադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքին, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից»,- ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։ Վարկը պետք է վերադարձվի ամբողջությամբ՝ առանց դանիական կողմերի համար որևէ կորստի։

Սույն թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյանը չժխտեց շրջակա միջավայրի աղտոտման փաստը և խոստացավ լուծում գտնել նոր նախագծի շրջանակներում: Անգամ ընկերության կողմից արված գյուղատնտեսական նշանակության հողի նմուշառման արդյունքում պարզ է դարձել, որ մեր հողերն աղտոտվել են, և պղնձի, կադմումի, մկնդեղի, ցինկի պարունակությունը հողում նորմայից բարձր է:

Մենք պնդում ենք, որ մեզ և շրջակա միջավայրին պատճառված վնասի փոխհատուցումը չի կարող լինել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագծի շրջանակներում: Այս հարցը պետք է դիտարկվի առանձին և կարգավորվի ՀՀ բնապահպանական օրենսդրության շրջանակներում:

Պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը հետ վերադարձնի նախագիծը` պահանջելով ընկերությունից վերացնել արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, փոխհատուցել շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված վնասը»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031