2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր միջադեպ տեղի ունեցավ:
Երբ հրապարակվում էին ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները, մեղադրյալներից Մարտիրոս Հակոբյանի (հայտնի որպես «Դեդ») նյարդերը տեղի տվեցին: Նա վեր կացավ եւ հայտարարեց, որ հեռանում է: «Չե՜մ նստելու, չե՜մ մնալու, չե՜մ լսելու այդ բարբաջանքները»,-բղավեց նա:
Դատավորը նրան հրահանգեց նստել եւ առանց իր թույլտվության քայլեր չձեռնարկել:
Հակոբյանը դատարանի հորդորները չլսեց եւ դատավոր Արթուր Օհանյանին «կամակատար» անվանեց, ապա պնդեց, որ պետք է հեռանա: Ոստիկանները փորձեցին արգելել նրան: Դատավորը նրան հրահանգը չկատարելու համար սանկցիա կիրառեց՝ Հակոբյանին այսօրվա ընթացքում հեռացնելով նիստերից: Սանկցիան «Դեդի» սրտով էր:
Նրան հետեւեց նաեւ ամբաստանյալներից Արամ Մանուկյանը, որը հայտարարեց, որ լավ չի զգում:
Նույնը կրկնեց նաեւ Արայիկ Հակոբյանը:
Նիստն ընդմիջվեց, որպեսզի լարված մթնոլորտը հանդարտվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ