ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց ՀՀ-ի եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Համաձայնագրով սահմանվում են ՀՀ-ի եւ ՆԱՏՕ-ի այդ կազմակերպության միջեւ համագործակցության շրջանակը, հիմնական սկզբունքները: Համագործակցության շրջանակներն են ապրանքների եւ ծառայությունների մատակարարում, տեխնիկական աջակցություն եւ ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի ծրագրի իրագործումը:
Արտակ Զաքարյանն ասաց, որ ՆԱՏՕ-ի այդ կազմակերպությունը ՆԱՏՕ-ի օժանդակ մարմիններից է:
Հաջողվել է հարկային, մաքսային արտոնությունների, ինչպես նաեւ դիվանագիտական անձեռնմխելիություն սահմանող նորմերի շուրջ գալ երկուստեք ընդունելի ձեւակերպումների: Գերմանիայի եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման այդ կազմակերպության համակարգմամբ ՀՀ ՊՆ-ի՝ պիտանելիությունից դուրս եկած սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաեւ ականների վերաբերյալ իրազեկման եւ կրթական ծրագրի շուրջ 1,5 մլն եվրո արժողությամբ ծրագիր պետք է իրականացվի:
Արդեն կա կուտակված նման ռազմական տեխնիկա եւ քանի որ մենք ունենք միջազգային պարտավորություններ, դրանք պետք է ոչնչացվեն՝ ըստ հավուր պատշաճի: Հայաստանն ինքն է որոշում, թե որ տեխնիկան է անպիտան եւ ոչնչացման ենթակա: Նախատեսված է ոչնչացնել անպիտան 140 միավոր ԶՈՒ տեխնիկա եւ 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ: Առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է եւ ֆինանսական միջոցները՝ նախնական հաշվարկներով 100 հազար եվրո գումարը ուղղվելու է ՀՀ-ի ականային վտանգների իրազեկման ծրագրի իրականացմանը, այսինքն՝ ականազերծմանը:
Ականազերծման աշխատանքներ կիրականացվեն 4 մարզերում: Վերահսկողությունն իրականացվելու է ՊՆ-ն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ