Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Это все ерунда». Փաշինյանը հրապարակեց ՀՀ քաղաքացու նամակը, թե ինչ են պատասխանել ՌԴ-ում հայ ընտանիքին հաշվառելիս (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2017 13:01

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում Եվրասիական տնտեսական միության Մաքսային նոր օրենսգիրքն է քննարկվում: ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց պայմանագրի լուսավոր ու դրական կետերը, թե ինչ հնարավորություն է այն տալու Հայաստանին եւ մեր տնտեսվարողներին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Միրումյանին հիշեցրեց, թե ԵԱՏՄ անդամ ՌԴ-ում մեր վարորդներին ինչ օրի են գցել, այսինքն, ԵԱՏՄ կարգավորումները չեն գործում, մեր վարորդները չեն կարողանում իրենց վարորդական իրավունքով աշխատել ՌԴ տարածքում: Նա հարցրեց. «Այդքան դրական բաներ հիշատակեցիք, ի՞նչ երաշխիքներ կան, որ դա գործելու է եւ մեր գործարարները նույնպիսի խոչընդոտների չեն հանդիպելու, ինչպիսի խոչընդոտների հանդիպում են մեր վարորդները»:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ երաշխիքը իրավական հարթությունում խաղի այն կանոններն են, որ հստակ սահմանվում են Մաքային օրենսգրքով եւ երաշխիքը այն փոխհարաբերություններն են, որ մաքսային մարմինները իրավական հարթությունում պետք է ունենան միմյանց հետ: Եթե մաքսային մարմինը տեսնում է, որ իր քաղաքացին խնդիր ունի, պետք է արագ արձագանքեն ու խնդիրները հարթվեն, սուբյեկտիվ գործոններ միշտ էլ կարող են տեղի ունենալ:

Փաշինյանը արձագանքեց՝ ստացվում է, որ կառավարությունն է մեղավոր, որ մեր վարորդների հետ այդպես են վարվում, չի արձագանքել ժամանակին:

Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց մանդարինի ներմուծումից. «Ենթադրենք, մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնեց մանդարին, ինքը որտե՞ղ պետք է գնա ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերելու համար: Դուք տեղյա՞կ եք դա մոտավորապես ինչ ընթացակարգ է»: Միրումյանը պատասխանեց, որ դա ԵԱՏՄ նոր օրենսգրքի հետ կապված չէ, գործող օրենսդրության դրույթ է: Հաստատվել է այն ապրանքների ցանկն ու քանակը, որ անձնական օգտագործման համար կարող են ներմուծվել:

Ավելի ուշ իր ելույթում Փաշինյանը հրապարակեց մի նամակ, որը ստացել է Մոսկվայում բնակվող մեր մի հայրենակցից՝ Արտակ Կարապետյանից. «ԵԱՏՄ-ն մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս իրավունք է տալիս ազատ տեղաշարժը Ռուսաստանի ամբողջ տարածքում եւ իրավունք՝ աշխատելու: Ես այստեղ գտնվում եմ իմ ընտանիքի հետ՝ կինս ու երկու անչափահաս երեխա: Օրենքով մենք 30 օրվա ընթացքում պետք է կանգնենք հաշվառման, սկզբից 90 օր, հետո եթե կա հիմք, այսինքն՝ աշխատանքային պայմանագիր, նոր երկարացնում են 9 ամսով: Հիմա ի՞նչ պրոբլեմի առաջ ենք կանգնել՝ ես ունեմ պայմանագիր եւ աշխատում եմ, գրանցված եմ որպես աշխատող եւ մուծում եմ հարկ: 3 ամիս հետո եկավ ժամանակը երկարացնելու օրենքով սահմանված հաշվառման ժամկետը: Իմը եւ երեխաներինը երկարացնում եմ իմ աշխատանքային պայմանագրի հիման վրա, իսկ կնոջս՝ ոչ: Ասում են՝ կինս պետք է ունենա աշխատանքային պայմանագիր; Ես իրենց ներկայացնում եմ փաստաթղթեր, որ երեխաներս փոքր են, մեծս՝ 3.6 տարեկան, փոքր՝ 1 տարեկան, կինս չի կարող աշխատել, երեխաներին է խնամում: Ինձ պատասխանում են, որ մեր մոտ օրենքը սա է»:

Նա հարցրել է ՌԴ պաշտոնյաներին, թե մեր՝ ԵԱՏՄ անդամ լինելը որեւէ կերպ չի՞ ազդում դրա վրա, նրան պատասխանել են Միգրացիոն ծառայությունից՝ «это все ерунда».

Ըստ Փաշինյանի, ՀՀ-ում ասում են՝ աշխատուժը գնալու է, պոմիդորը գնալու է, զարգացումը գալու է, բայց իրականում ի՞նչ է տեղի ունենում: Ըստ նրա, անընդհատ պրոբլեմներ են ծագելու՝ այս մաքսային հարաբերություների հետ կապված ու երբ այս փաստաթղթերը տանք, ասելու են՝ это все ерунда: Ստացվում է, որ ՀՀ ԱԺ-ն 3 տարի զբաղված է ерунда-ներին կողմ քվեարկելով:

Փաշինյանը հայտարարեց, որն իրենք չեն ուզում դրան կողմ քվեարկել, ուստի հարգելի պատճառներով դեմ են քվեարկելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031