Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համաներում՝ մաքսային վճարների գծով. տրանսպորտային միջոցներ ներկրած մարդկանց մաքսերը, տույժեր, տուգանքները զիջվում են (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2017 12:21

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի պայմանագիրը վավերացնելու հարցն է քննարկվում ԱԺ-ում: Պայմանագիրը 3 հավելված է սահմանում: ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը ներկայացվեց օրենսգրքով նախատեսված փոփոխությունները: Նա ասաց, որ նոր օրենսգիրքը թույլ է տալիս մաքսային հայտարարագիր ներկայացնել՝ առանց ուղեկցող փաստաթղթերի: Կանաչ, դեղին, կարմիր ուղիներ են ընտրվելու, եթե կանաչ ուղի կընտրվի, ուրեմն այլեւս չկա անհրաժեշտություն ներկայացնել ուղեկցող փաստաթղթերը, եթե կընտրվի դեղին կամ կարմիր ուղի, ուրեմն կա:

Միրումյանն ասաց, որ այս մաքսային օրենսգրքով առհասարակ նախատեսվում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում, անհամեմատ կրճատվում են թե՛ ապրանքների մաքսային հայտարարագրման, թե՛ տեղափոխման ժամկետները, կրճատվում են տնտեսվարողների եւ մաքսային մարմինների միջեւ եղած շփումները:

Ըստ Միրումյանի, կրճատվում է նաեւ ապրանքների հայտարարագրման ժամկետը, եթե առաջ 2 ժամ էր, դառնում է 1 ժամ: Մաքսային մարմինները մաքսային հայտարարագրերում անճշտություններ գտնելու դեպքում ոչ թե միանգամից մերժելու են մաքսային հայտարարագիրը, այլ տեղեկացնելու են տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց հնարավորություն տալով ուղղել մաքսային հայտարարագիրը:

Բոլոր ապրանքների ներմուծման համար նախատեսվում է մաքսատուրքի տարաժամկետման հնարավորություն, ինչը նորություն է: Տնտեսվարողի ցանկությամբ մաքսատուրքի վճարումը կարող է հետաձգվել մինչեւ 1 ամիս՝ տոկոսների վճարմամբ, իսկ տոկոսները հաշվարկվում են Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքից ելնելով:

Մաքսային օրենսգրքով սահմանվում է նաեւ նախնական տեղեկատվության ներկայացում, որը հնարավորություն է տալիս ռիսկերը կառավարել եւ մաքսային սահմանը հատել ավելի արագ: Կան պարտադիր եւ կամավոր ներկայացման դրույթներ: Պարտադիրը սահմանափակման ենթակա ապրանքների դեպքում է, դրանք այն ապրանքներն են, որոնք ենթակա են պարտադիր ֆիտոսանիտարական հավաստագրման, իսկ կամավորի դեպքում տնտեսվարողը ազատ է, կարող է ներկայացնել, այդ դեպքում ինքը այլեւս պարտադրված չի լինում ապրանքների ժամանման տեղեկատվություն ներկայացնել մաքսային մարմիններին, այդ տեղեկատվությունը փոխարինում է  ապրանքների փոխադրման ամփոփագրին, տարանցման հայտարարագրին, որը կար նախկինում: Նախնական տեղեկատվություն ներկայացնելով՝ տնտեսվարողը 3 ընթացակարգերից ազատվում է:

Ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնք կարող էին բաց թողնվել՝ նախքան հայտարարագրի ներկայացումը: Եթե նախկինում դրանք շուտ փչացող ապրանքներն էին, հիմա նաեւ ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող կամ ցուցահանդեսների նպատակներով ներմուծվող ապրանքներն են: Դրանք առանձին ցանկն օրենսգրքով սահմանված է:

Նախատեսվել է այլ անձի միջոցով հայտարարագրման հնարավորություն, դեպքերը սահմանված են: Մաքսային արժեքի որոշման համար 6 մեթոդ է սահմանվել, ինչպես ներկայումս է, գերակայությունը գործարքի գնի մեթոդին է վերապահված: Ապրանքները կարող են բաց թողնվել՝ անգամ, եթե ապրանքների ներմուծման մաքսային արժեքի վերաբերյալ կա անհամաձայնություն:

Ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում 6 ամսվա ժամկետը երկարացվել է մինչեւ 1 տարի ժամկետով:

ԵԱՏՄ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ստացել, որ կարողանանք օգտվել անմաքս առեւտրի խանութներից:

Հայաստանը ստացել է տարածքային ազատ գոտի ստեղծելու հնարավորություն, սա լրացուցիչ հնարավորություն է՝ արտոնություններով: Նախատեսվում է նաեւ մաքսային վճարների գծով համաներում: Վախթանգ Միրումյանը բացատրեց, որ խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծում ընթացակարգով ապրանքների ներմուծման դեպքերին, որի ժամանակ տեղի է ունեցել մաքսային ընթացակարգերի խախտում: Երբ ֆիզիկական անձինք ներմուծել են տրանսպորտային միջոցներ եւ արձանագրվել են մաքսային վճարներ, տույժեր, տուգանքներ, հիմա օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ թե՛ մայր գումարները, թե՛ տույժերն ու տուգանքները ամբողջությամբ զիջվում են:

Օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից:

Պատգամավորները հետաքրքրվեցին՝ կանաչ, դեղին կամ կարմիր գույն ընտրելը մաքսավորների կողմից կոռուպցիոն ռիսկ չի՞ պարունակում՝ Միրումյանը պատասխանեց, որ մարդկային գործոնի միջամտությունը բացառված է, ծրագրով է ամեն ինչ արվում: Արմենուհի Կյուրեղյանը հակադարձեց, որ այդ ծրագիրը նույնպես մարդկանց կողմից է կառավարվում, հետեւաբար մարդկային գործոնի միջամտությունը չեն կարող բացառել: Միրումյանն էլ արձագանքեց, որ ուղու ընտրությունը կատարում է համապատասխան ծրագիրը, ոչ թե մարդը, եթե չասենք բացառված է միջամտությունը, ապա ռիսկերը գոնե նվազեցված են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031