Ինչպես տեղեկացրել էինք, դեկտեմբերի 4-ին կայացել է Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթը: Կառավարման խորհրդի 8 անդամներից 1-ը բացակայել է, եւ տնօրենի միայն թեկնածուի՝ Խաչիկ Արիստակեսյանի օգտին «կողմ» է քվեարկել խորհրդի 3 անդամ, մյուսները դեմ են քվեարկել:
Արդյունքում, միակ թեկնածուն չի անցել: Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց պարոն Արիստակեսյանից: «Այս պահին նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանություն անել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնին հավակնում է նաեւ նույն դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Դավթյանը, որը դեռեւս չունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր, քանի որ միայն գրավոր քննության փուլն է հաղթահարել, իսկ բանավոր քննությունը հանձնելու է դեկտեմբերի 5-ին:
Նշենք, որ եթե կառավարման խորհրդի անցկացրած մրցույթում տնօրեն չի ընտրվում, հայտարարվում է լրացուցիչ մրցույթ: Մինչ հաջորդ մրցույթը, Արմինե Դավթյանը, ամենայն հավանականությամբ ձեռք կբերի հավաստագիրը եւ կկարողանա մասնակցել մրցույթին, ինչպես կանխատեսել էինք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ