Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «Բոլորովին էլ զարմանալի չէր Ռուսաստանում հակահայկական ուղղվածություն ունեցող հաղորդումների հայտնվելը». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 05,2017 10:58

Հարցազրույց ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

Պարոն Գեղամյան, ԵվրամիությունՀայաստան համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք հակահայկական մեկնաբանություններ հնչեցին ռուսաստանյան հեռուստաեթերում: Դուք որպես հայռուսական բարեկամության եւ համագործակցության ջատագով ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը:

-Գիտեք, պետք է զանազանել Ռուսաստանի պաշտոնական հեռուստալրատվամիջոցները եւ մասնավոր հեռուստաընկերությունների հեռարձակած նյութերը: Նման հաղորդումները, ինչ խոսք, զազրելի են եւ դատապարտվեցին Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ դրանց հստակ գնահատական տվեց պաշտոնական Մոսկվան:

Ավելին, օրեր առաջ Երեւանում էր «Եդինայա Ռոսիայի» պատվիրակությունը` կուսակցության քաղաքական խորհրդի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակի գլխավորությամբ, որը ճիշտ հակառակ գնահատական տվեց այդ երեւույթին:
Դրա հետ մեկտեղ արձանագրենք, որ մեր իսկ Ազգային ժողովում, այն է՝ թիվ մեկ քաղաքական մարմնում, կազմակերպվել էին լսումներ՝ կապված ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցի հետ: Հնչեցին հակառուսական երանգներ պարունակող մի շարք ելույթներ, այնպես որ բոլորովին էլ զարմանալի չէր Ռուսաստանում հակահայկական ուղղվածություն ունեցող հաղորդումների հայտնվելը: Լսումները նախաձեռնողները պետք է որ հաշվարկեին հնարավոր հակադարձումը:

Ինչ խոսք, այստեղ առկա էր նաեւ մեկ այլ գործոն՝ Հայաստանի կողմից Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման փաստը, որն, ի դեպ, կատարելապես չեզոքացրեց ադրբեջանական լոբբիի, Ադրբեջանի վիթխարի ջանքերը, միլիարդավոր դոլարների հասնող ծախսերը, որոնց նպատակն էր եւ է սեպ խրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեջ, ինչպես նաեւ խոչընդոտել Հայաստանի կողմից որդեգրած «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությանը: Այնպես որ հակահայկական հաղորդումների հեղինակներն ըստ էության Ադրբեջանի քաղաքական պատվերն են կատարել: Ուստի եւ հիմա էլ արդեն եկել է հաշվետու լինելու ժամանակը:

Արդ, կարծում եմ, ավելի տեղին կլիներ, եթե ինքներս մեզ հարց տայինք՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է կնքում Եվրամիության հետ, այլեւ կնքման առիթով առանձնահատուկ կարեւորում է մեր երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ավելին, եվրոպական բարձրաստիճան հանձնակատարները հայտարարում են, թե համաձայնագիրը ամենեւին էլ չի հակասում հայկական կողմի ստանձնած այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին իր անդամակցության շնորհիվ:
Սա մեր քաղաքական իշխանության եւ, ինչու չէ, հանրապետության նախագահի աննախադեպ հաջողությունն է, որը, կրկնում եմ, հօդս ցնդեցրեց ադրբեջանա-թուրքական շատ հզոր լոբբինգը, ինչը գործում էր ոչ միայն Ռուսաստանում, այլեւ շարունակում է գործել նաեւ Եվրամիությունում: Եվ ի՞նչ էիք սպասում. տարիներ շարունակ այդ մարդիկ փող են ստացել թուրք-ադրբեջանցիների ձեռքից, սակայն հանձնարարությունը չեն կատարել եւ տապալվել են: Բնական էին նման ջղաձիգ, ես կասեի՝ գռեհիկ, հավասարապես հակառուսական եւ հակահայկական դրսեւորումները:

Արտակ Դարբինյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031