Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Սա ոչ թե հատուկ կազմակերպված հանդիպում է, այլ տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստի շրջանակներում։ Այսինքն՝ քանի որ ե՛ւ Նալբանդյանը, ե՛ւ Մամեդյարովը այնտեղ են լինելու, համանախագահները որոշել են հանդիպում կազմակերպել։
Փորձագետները միակարծիք են, որ այս հանդիպումից որեւէ բան սպասելն իմաստ չունի, որովհետեւ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում որեւէ նոր բան չկա։ Բոլորը մնացել են իրենց տեսակետներին, ու ոչինչ չի հուշում, որ կողմերը տեսանելի ապագայում կարող են գալ ընդհանուր հայտարարի։ Ահա այս անփոփոխության ֆոնին, թերեւս, ավելի մեծ ուշադրության է արժանի ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Շուգարյանի կողմից վերջերս շրջանառության մեջ դրված միտքը։
Շուգարյանի գաղափարը հետեւյալն է․ հարկավոր է Ադրբեջանի հակահայ, ռասիստական գործողությունները՝ սկսած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունից մինչեւ չորսօրյա պատերազմի զոհերի ու գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ դպրոցներում հայատյաց քարոզչություն, օգտագործել՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ ԼՂ հարցը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլեւ ուղղակի Ղարաբաղի ժողովրդի, հայ ժողովրդի փրկության, ֆիզիկական գոյության հարց է, եւ հենց սրանով է Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում ազգամիջյան այլ հակամարտություններից։
Պարզաբանենք, թե սա ինչ է նշանակում։ Վերջերս Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, եւ Իսպանիայի այդ երկրամասի իշխանությունները մտադիր էին Կատալոնիան անկախ պետություն հռչակել։ Եվ ստացվեց այնպես, որ Կատալոնիայի իրադարձություններին հետեւող միջին վիճակագրական մարդը ինքն իրեն հարց էր տալիս․ իսկ ինչո՞ւ պետք է Կատալոնիան անկախություն ստանա։ Միայն նրա համար, որ գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավու՞նք։ Շատ լավ, բայց այդ իրավունքը ստեղծվել է ոչ թե խնդիրներ առաջացնելու, այլ խնդիրներ լուծելու համար։ Ի՞նչ խնդիր է լուծում Կատալոնիան այդպիսով․ կատալոնացիների կյանքին, ինքնությանը, մշակույթին, բարեկեցությանը, արժանապատվությանը որեւէ վտանգ չի սպառնում։ Այսինքն՝ չկա որեւէ սպառնալիք, որը լուծելու համար Կատալոնիային անհրաժեշտ է անկախություն։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում