ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի հինգ քաղաքների՝ Մարսելի, Լիոնի, Վալանսի, Դեսինի, Գրենոբլի քաղաքապետերին:
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ հանդիպման ընթացքում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բազմաթիվ հարցերի քննարկման ընթացքում բարձրացրել է նաև Մարսել-Երևան ուղիղ չվերթի բացման խնդիրը: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել: Նախարարը առաջարկել է Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի ուսուցման դասընթացներ կազմակերպել: Հանդիպմանը քննարկվել է նաև Մարսելի կերպարվեստի թանգարանի ցուցանմուշների ցուցադրության կազմակերպումը Երևանում:
Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընթացիկ տարվա սեպտեմբերին Արցախ կատարած այցելության համար, որի ընթացքում Արցախի Ճարտար քաղաքի և Դեսինի միջև ստորագրվել է բարեկամության հուշագիր: Սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Դեսինի քաղաքապետի աջակցությունը տեղի հայերին, հայկական մշակույթի և հիշողության կենտրոնին:
Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրային պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով:
Լիոնի քաղաքապետ Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերություններին վերաբերող հարցեր, դրանց բարձր մակարդակն ու խորացմանն ուղղված քայլերը, քննարկվել է 2018թ. հոկտեմբերին տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր, որին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը:
Լիոնի քաղաքապետը և ՀՀ սփյուռքի նախարարը քննարկել են մարտ ամսին Գևորգ Կեպենեկյանի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները: Նախարարը և քաղաքապետը արծարծել են կրթության, ճարտարապետության, բժշկության ոլորտների հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների շուրջ համագործակցությունը՝ մատնանշելով Երևանում գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առկայությունը:
Հանդիպման ավարտին նախարար Հակոբյանը Գևորգ (ժորժ) Կեպենեկյանին պարգևատրել է նախարարության ոսկե հուշամեդալով:
Հանդիպումից հետո նախարարը և Լիոնի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի հետ հանդիպման ժամանակ նախարարն ու քաղաքապետը կարևորել են Գրենոբլի տարբեր ոլորտների զարգացման գործում հայերի ակտիվ մասնակցությունը: Քաղաքապետը նշել է, որ հայերը հարգված ու սիրված են իր և գրենոբլցիների կողմից:
Քննարկվել են Սևան և Գրենոբլ քույր քաղաքների համագործակցությանը վերաբերող, մասնավորապես՝ տուրիզմի և էկոլոգիայի ոլորտներին առնչվող հարցեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Պիոլին հայկական մշակույթի տան, և առհասարակ, հայ համայնքի գործունեությանն աջակցելու համար:
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանի, Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանի, Արևմտյան Եվրոպայի և Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Վալանսի հայ մշակույթի կենտրոն և «Ռադիո A»-ի գրասենյակ:
Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլյա Դարագոն, Բուրգ-լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրրիեն, Դրոմ դեպարտամենտի փոխնախագահ Վերոնիկ Պուգիետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ