Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարային ու Մոսկվային չի մնացել Հայաստանից բռնվելու այլընտրանք. «Ժամանակ»

Դեկտեմբեր 05,2017 10:06

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»: Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը փաստացի հուշում է, որ մինչև 2018-ի գարուն Անկարան մտադիր չէ անդրադառնալ հայ-թուրքական արձանագրությանը, որի վերաբերյալ ակնարկել էր Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականի գարուն «առանց այդ սին արձանագրությունների» մտնելու մասին ՄԱԿ ամբիոնից սեպտեմբերին արած հայտարարության մեջ:

Այդ հայտարարությունը շատերը գնահատեցին իբրև Թուրքիային ներկայացված վերջնագիր, թեև հազիվ թե Սարգսյանը ունենար միամտություն ենթադրելու, թե վերջնագրի ձևով հնարավոր է Էրդողանին «վերադարձնել» արձանագրությունների շուրջ: Հակառակը, այդ տոնայնությունը թերևս վերջնականապես կփակեր այդ վերադարձի ճանապարհը, ինչն էլ փաստացի տեղի է ունենում: Մյուս կողմից, միամիտ է ենթադրել, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը չլինելու դեպքում կար հավանականություն, որ Էրդողանը կվերադառնար արձանագրություններին: Խոշոր հաշվով, հայ-թուրքական արձանագրությունները անցած, և թերևս, բարեբախտաբար, անցած փուլ են, հանդիսանում են անցած աշխարհաքաղաքական շրջափուլի տրամաբանությունն ու այլևս պիտանի չեն վերադարձի ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի ցանկության, կամքի, այլ պարզապես աշխարհաքաղաքական տրամաբանության բերումով: Դա ամենևին չի նշանակում, որ աշխարհաքաղաքական տրամաբանությունն այդպիսով հակասում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարին: Ամենևին:

Եվ թերևս հակառակը՝ ներկայումս այդ տրամաբանությունն ավելի է բարձրացրել կարգավորման այժմեականությունը, կամ գոնե հեռանկարում դրա պահանջվածությունը: Պարզապես հայ-թուրքական արձանագրությունները և այն շրջափուլը, որի այսպես ասած իրեղեն ապացույցը կամ խորհրդանիշն են դրանք, որևէ սկզբունքային կապ չեն ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման հետ: Այդ արձանագրությունները այլ բան չէին, քան 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական պայմանագրերի վերհաստատում և «արդիականացում», ըստ այդմ դրանք ռուս-թուրքական հարաբերության կարգավորման կամ «վերալիցքավորման» գործընթաց էին, ոչ թե հայ-թուրքական հարաբերության: Ներկայումս աշխարհում և տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է, որտեղ նվազագույնը Մինսկի խմբի համանախագահության երեք անդամ պետությունների մակարդակով ընդունվել է տարածաշրջանում նոր ստատուս-քվոն, այն պահելու անխուսափելիությունն ու փոխելու փորձերի վտանգավորությունն ամբողջ տարածաշրջանի համար:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nairi says:

    Երբ հասարակական տրանսպորտում ասում են «բռնվել»,դժվարությամբ,բայց մարսում ենք,իսի,երբ հարգարժան թերթը օգտագործում է բայի կրավորական սեռը չեզոքի փոխարեն,զարմանում եմ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031