Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր

Դեկտեմբեր 05,2017 09:56

Ինչու եմ ես գերադասում «համացանցային» տաքսին սովորականից, առավել եւս՝ պատահականից: Նախեւառաջ այն պատճառով, որ վարորդներն այդ տաքսիներում լռում են՝ բացի «բարեւից» եւ «ցտեսությունից», էլ ոչ մի բառ չեն ասում: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նույնպես, ինչպես եւ ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները, խնդիրներ ունեն, դժգոհ են իրենց ցածր եկամուտներից, օլիգարխներից, իշխանություններից եւ այլն: Պարզապես այդ վարորդները գերադասում են (կամ ցուցում ունեն) իրենց զուսպ եւ արժանապատիվ պահելու:

Եթե դուք նստում եք «սովորական» տաքսի, ապա գրեթե պարտադիր է, որ վարորդն արտասանի հետեւյալ նախադասությունից որեւէ մեկը՝ «հեսա էս երկրում ոչ մի հայ չի մնա, սաղ պարսիկ եւ չինացի կլինեն», «արա, էլի բռնին՝ ամեն ինչ թանկացրին», «գոնե հույս կա՞, որ լավ կլինի»: Եթե դուք «տոն տաք» այս խոսակցությանը եւ նույնպես սկսեք «վայ-վույ» անել, ապա վստահ եղեք՝ տաքսիստն ամբողջ երթուղու ընթացքում ձեզ կպատմի զանազան ֆանտաստիկ դրվագներ Հայաստանի նորագույն պատմությունից՝ սկսած նրանից, որ «Լեւոնը սաղ զավոդները փակեց եւ ստանոկները լոմի գնով ծախեց Պարսկաստան»: Ես որեւէ ձեւով չեմ արձագանքում այդ տրտունջներին՝ որեւէ իմաստ չեմ տեսնում բանավիճելու ընդհանրապես, առավել եւս զրույցի բռնվելու տեղեկացվածության եւ նախապաշարումների այդ աստիճանն ունեցող մարդկանց հետ:

Քաղաքական, հասարակական գործիչներն այդ խոսակցություններին «տոն են տալիս», որովհետեւ այդ քաղաքացիներն իրենց ընտրողներն են, իրենց պոտենցիալ համակիրները, եւ նրանք խնդիր ունեն ոչ թե կրթելու կամ ճշմարտությունը բացատրելու, այլ հակառակը՝ փորձում են թեժացնել նախապաշարումների կրակը:

Վերջերս Բրայան Թրեյսիի մոտ կարդացի՝ «ցանկացած քաղաքական դեմագոգիայի հիմքում դրված է նախանձը»: Իսկապես՝ եթե ես չեմ լցվում նախանձով, տեսնելով, ասենք, ներկա կամ նախկին վարչապետների դղյակները, ապա ինձ շատ դժվար կլինի քաղաքական մանիպուլյացիայի ենթարկել:

Միանգամից հստակեցնեմ՝ խոսքը քաղքենիական տրտունջների եւ նվնվոցների մասին է, ոչ թե կազմակերպված քաղաքական եւ հասարակական բողոքի (իհարկե՝ եթե այդ բողոքը խաղաղ է, անզեն): Կարեւոր չէ, թե ինչի համար են մարդիկ նման ակցիաներով պայքարում՝ թեկուզ «գիտության միջոցով» բանակից ազատվելու համար: Կամ թեկուզ իշխանափոխության համար: Բոլոր դեպքերում նման ակցիաները ողջունելի են, որովհետեւ ցույց են տալիս, որ մարդիկ, քաղաքացիներն անտարբեր չեն եւ փորձում են այնպես անել, որ իրենց ձայնը հասանելի լինի ողջ հասարակությանը:

Իսկ առօրյա լացուկոծը կար կոմունիստների ժամանակ, կար ՀՀՇ-ի ժամանակ, կա այսօր եւ կլինի միշտ: Պարզապես պետք չէ այն ներմուծել քաղաքական դիսկուրսի մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Պարոն Աբրահամյան, գիտեմ, որ իմ խորհուրդի կարիքը չունեք։Այնուամենայնիվ,Ձեր թուլտվությամբ, մի խորհուրդ տամ։Պարոն Աբրահամյան,գնեք ավտոմեքենա։Անձամբ այն վարեք և այլևս, տաքսու վարորդների կողմից չեք լսի ոչ մի տրտունջ,ոչ մի մրմունջ սքավոր։))

  2. Լավատես says:

    `Քաղաքական, հասարակական գործիչներն այդ խոսակցություններին «տոն են տալիս», որովհետեւ այդ քաղաքացիներն իրենց ընտրողներն են, իրենց պոտենցիալ համակիրները, եւ նրանք խնդիր ունեն ոչ թե կրթելու կամ ճշմարտությունը բացատրելու, այլ հակառակը՝ փորձում են թեժացնել նախապաշարումների կրակը:`

    Խնդիրն էլ հենց դա է, ազնվական իսկական քաղաքական հասարարակական գործիչները առաջին հերթին կրթում են, դաստիարակում, տեղը գալուց էլ ստիպում ու պահանջում են իրենց ընտրող քաղաքացիներից՝ նրանց որպես ազնվական իսկական քաղաքացի դաստիարակում, իակ գեղցի քաղքենի անմակարդակ քաղաքական գործչին իր մակարդակին համապատասխան քաղաքացի ընտրող է պետք, որ կարողանա հաղթել ընտրություններում: Դրա համար էլ ազնվականությունը ոչ միայն մարտի դաշտում պետք է պաշտպանի իր ազգն ու պետությունը, անհրաժեշտ է նրա հաղթանակը քաղաքական դաշտում գորշ անմակարդակ կամ զարգացած, բայց դրսից գնված թեթեւաբարո հայրենավաճառ քաղաքական գործիչների նկատմամբ:

  3. henri says:

    Ես ընդհակառակն ամէնէն զուարթ պահերս կ՛ունենամ վարձակառքերու մէջ -իմ արեւմտահայերէնս և ձեռքէս անբաժան անթացուպը խօսակցութեան նիւթը քաղաքական տրտունջներէն կը վերածուի հայրենասիրական նիւթերու շուրջ ; — Կռուող տղայ էք կը տեսնուի — որ՞ ճակատին վրայ վիրաւորուած էք— Մօնթէին ծանօթ էիք ? — Ինչ՞ կարգի մետալ ստացած էք ? — վերջապէս մինչեւ ժամադրավայրս հասնիլը բաւական զուարճանալէ ետք կը խոստովանիմ որ միայն Փարիզի հիւանդանոցի բժիշկներուս հետ կը կռուիմ որ իրենց անփութութեան պատճառով դարմանումս կ՛երկարի և մէկ էլ երբ Հայաստան հասնիմ կ՛ուզեմ իմ շատ յարգելի լրագրող Արամ Աբրահամեանի հետ կռուիլ որ մէկ էջանոց գրութեան մէջ անպայման մի 10 օտար բառեր կը գործածէ -չգիտես ինչու՞ինք որ այնքան լաւ կը տիրէ հայոց չարչարուած լեզուին / Տոն տալ-Ֆանտաստիկ-Պոտենցեալ- Դեմագոգիա-Մանիպուլացիա- ակցիա Դիսկուրս / միայն ձեռքս անցնէր ??? ինծի նման տգէտ աղբար մը ռուսական համալսարաններու առջեւէն իսկ չէ անցած և Տոսդոեւսկին կամ Թոլստոյը թարգմանութիւններով ծանօթացած է- Պառաւաքարի ուսանողը ինչ՞ հասկնայ այդ մտաւորականի բառամթերքէն ???
    ՞ ՛

  4. gib.gibindus says:

    Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր՝ մայն ուրախ ու վսեմ մտքեր
    Սաղ տաքսիստ Ժոռն է մեղավոր՝ երանի նա լրագրող լիներ…
    անհայտ աշուղի մտքեր

  5. Հ.Շ. says:

    Ես ել վկայում եմ՝ այս ամառ առաջին անգամ ըլլալով, շնորհիւ տեղացիի մը, Երեւանում համացանցային տաքսի օգտագործեցի: Ծառայութիւնը անթերի էր, գինը՝ ամենայարմարը, մեքենան՝ մաքուր, վարորդը՝ առանց հոտի, ածիլուած, լուրջ եւ լուռ: Հաճելի էր:

    Միւս տեսակի վարորդները չեն հասկանում որ իրենց անտանելի գանգատները զզուեցնում են երկիրը այցելող Արտասահմանեան հայերին (Սփիւռքի բնիկ հայերը, ոչ թէ երկրից փախած դասալիքները), եւ հետեւաբար, այդ շատախօս ու վատախօս վարորդները իրենք իրենց գործին են վնաս բերում, քանզի այդ զբօսաշրջիկներից շատեր, նաեւ այլ բազմաթիւ առիթներով հարկադրաբար լսելով նոյնանման լալկանութիւն, ծայրահեղ արտայայտութիւններ, երկրի դէմ անէծքներ, պարզապէս մէյ մըն ալ չեն վերադառնում այդտեղ:

  6. henri says:

    Ես այդքան ծայրահեղ չեմ; Նոյն ազգի զաւակ եմ; վարձակառքի վարորդի մը պատճառով չեմ զոհեր իմ տարեկան այցս Հայրենիք որ մեծագոյն հաճոյքս է , օտարութիւնը ճնշիչ բան մը ունի-միշտ կը մնաս օտար եթէ նոյնիսկ սերունդներ անցած ըլլան;

    • Հ.Շ. says:

      իսկ բոլոր Սփիւռքահայերը քեզի պէ՞ս են, Հանղի…
      լրջօրէն կրնա՞ս ըսել թէ մեծամասնութիւնը այս քու ըսածներուդ պէս կը մտածէ, կը հակազդէ…

      շատեր կան որոնք հիմնականօրէն վայելքի համար կ’երթան կոր այդտեղ, եւ այդ ալ իրենց իրաւունքն է, եւ նաեւ օգտակար է երկրին

      մեծ ճիգ մը չէ տեղացիներէն «պահանջուածը»…

  7. Ruben says:

    Տրտունջ՝ «Լեւոնը սաղ զավոդները փակեց եւ ստանոկները լոմի գնով ծախեց Պարսկաստան»:
    Լինելով ավերված, փչացած անբարոյական հասարակության հրեշավոր ծնունդ՝ խաչագողը տիպիկ հայկական երևույթ է:
    «Մարդ չէ կարող խղճմտանք և ազնվություն ունենալ այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ մթնոլորտը, որի մեջ ապրում է նա, վարակված է անբարոյականությամբ»:
    Քավոր Պետրոս
    Ինչպիսին է մարդու բնությունը՝ բարի, թե չար.
    -«Քննեցեք դրանց յուրաքանչյուրի կյանքի պատմությունը և դուք կտեսնեք, որ դրանց գործած հանցանքների արմատը դրված է եղել այն հողի մեջ, որից դրանք բուսել, աճել և զարգացել են: Յուրաքանչյուրի հանցանքի ձևը, տեսակը, որպիսությունը տեղային բնավորություն ունի… այդ թշվառներից ամեն մեկի կյանքի պատմությունը նույն հասարակությունների մտավոր, բարոյական և հոգեկան հիվանդության պատմությունն է…»:
    Համր

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031