Դեկտեմբերի 1-3-ը Երեւանում անցկացված Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունում մրցաշարի լավագույն հրաձիգ ճանաչվեց վազող թիրախ մրցաձեւի հաղթող Հովհաննես Մարգարյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի խոսքով ցուցանիշերը բավարար են, թեեւ մի քանիսը կարող էին ավելի հաջող հանդես գալ: «Մրցաշարից հետո ձեւավորեցինք Հայաստանի տարիքային հավաքականները: Հունվարին Մյունխենում կմասնակցենք ավանդական միջազգային մրցաշարի: Ընդհանուր առմամբ թիմի անդամները պատրաստ են, չնայած դեռ բավականին ժամանակ ունենք: Հրաչ Բաբայանն սկսել է կայուն մրցելույթներ ունենալ, աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում»-ասել է նա:
Փետրվարին մեծահասակները, երիտասարդներն ու պատանիները միասին հանդես կգան Եվրոպայի առաջնությունում, որտեղ պատանիները կփորձեն 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել: Մարզչի կարծիքով դրա շանսերն իրատեսական են»:
Պատանիների օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Հայկ Բաբայանը (նկարում), Նարեկ Ադամյանը եւ Ալլա Պողոսյանը (երեքն էլ՝ հրացան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի