Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով չի կարողանում ենթարկվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի օրենքներին, ինքնակամ դիմում է գրում, դուրս գալիս»

Դեկտեմբեր 04,2017 22:00

2015 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր կրկին տեղի չունեցավ՝ վկաների բացակայության պատճառով:

Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, Aravot.am-ին պատմեց, որ դեռ հինգ վկա կա, որոնց պետք է հարցաքննեն դատաքննության ընթացքում, իսկ այս փուլում հարցաքննվում են ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպանի կողմից միջնորդված վկաները, որոնք Մովսեսի հետ նույն սենյակում են քնել. «Գործի հետ որեւէ կապ չունեն, ընդամենը դատարան են գալիս ասելու, որ Մովսեսը լավ տղա է, լավ չէ, ոչինչ տղա է, դրա համար էին կանչել դատարան»:

Պարոն Բարսեղյանը անդրադարձավ նաեւ նախօրեին մամուլի մի հրապարակման, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում գողական բարքեր են տիրում ու այդ «հին, գողական բարքերը ռազմական ինստիտուտում շարունակվում են, որոնց մասին առաջին անգամ հայտնի դարձավ 3 տարի առաջ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո։ Կուրսանտը հենց այդ բարքերի զոհն էր դարձել»:

«ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մասին հոդվածն ինձ զարմացրեց: Քանի որ, որդուս՝ Հայկազի սպանությունից հետո ես միշտ տեղեկացված եմ, թե այնտեղ ինչ է կատարվում: Համաձայն եմ, որ մինչև սպանությունը այնտեղ տիրել է վատ բարքեր, անառողջ մթնոլորտ, արտոնյալ կուրսանտներ, անուշադրություն, անվերահսկողություն, ինչի հետևանքով էլ որդուս սպանեցին: Բայց համաձայն չեմ, թե այդ մթնոլորտը մինչև հիմա շարունակվում է: Որ ինստիտուտում հիմա կարգուկանոն կա, այլ ոչ թե փողոցային կամ գողական բարքեր շատերից եմ լսում:

Ես հաճախ եմ շփվում Հայկազիս ընկերների հետ, որոնք արդեն 4-րդ կուրս են, և իրենք են պատմում, որ շատ բան է փոխվել: Ասում են, որ ինստիտուտում ամեն ինչ ուրիշ է, մթնոլորտը շատ լավ է, կարգապահությունն է բարձրացել, ուսման որակը, կենցաղային պայմանները, դասախոսների որակյալ ուսուցումը, հրամանատարների ուշադրությունն է մեծացել, կուրսանտների նկատմամբ հավասար մոտեցում է ցուցաբերվում, արտոնյալներ չկան, պարապմունքները լիարժեք ու բարձր մակարդակով են անցկացվում:

Նույնիսկ 1-ին, 2-րդ կուրսերի կուրսանտները, որոնք մեր հարևան գյուղերից են, պատմում են, որ շատ խիստ է, ով չի կարողանում կարգապահ լինել ու ենթարկվել օրենքներին, ինքնակամ դիմում է գրում ու դուրս գալիս: Կուրսանտների ծնողները, որոնց հետ մենք շփվում ենք, իրենք էլ են ասում, որ լուրջ կարգապահություն կա, ու ամեն ինչի նկատմամբ շատ ուշադիր են:

Շատ կուզենայի, որ Հայկազս հիմա սովորեր ռազմական ինստիտուտում, ծառայեր էս մթնոլորտում: Ես պատահական ոչինչ չեմ ասում, որ ինստիտուտում հիմա շատ լավ է, ինչի պիտի վատը խոսվի: Ճիշտ չէ, որ հիմիկվա դրվածքը կապում են 2014-15 թվերի հետ ու Ռազմական ինստիտուտը նորից շահարկման թեմա են դարձնում: Անձամբ ես ու իմ ընտանիքը ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին շատ ենք հարգում, ինքը, որպես պետ շատ խիստ է, բայց դաժան չի»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031