Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզ են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող նախագծերը

Դեկտեմբեր 04,2017 20:45

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երևանի պետական կամերային թատրոնում կայացավ «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի փակման արարողությունը։

«Միջոցառումը նպատակ ունի նպաստելու նորարարական գաղափարներով օժտված երիտասարդների համար որոշակի պայմաններ, հարթակներ և ճանապարհներ հարթելու, որպեսզի նոր գաղափարները կյանքի տարբեր ոլորտներում նոր նպաստ բերեն պետության տնտեսության զարգացման գործին»,-միջոցառմանը նախորդող ասուլիսին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը։

Այս տարի սփյուռքից մասնակցություն չի գրանցվել։ Քարամյանը չցանկացավ նշել պատճառները․«Ինչ-որ բանի չստացվելու դեպքում հակված եմ մտածել, որ աշխատանքները բավարար կերպով չենք ծավալել»։

Մրցույթի մասնակիցները 16-35 տարեկան երիտասարդներ էին և հեղինակային խմբեր, իսկ ներկայացված նախագծերը տարաբնույթ էին՝ ինֆորմացիա ստանալու հավելվածներից մինչև հայկական գենոմի ուսումնասիրմանը նվիրված ծրագրեր։

Ասուլիսին հաջորդեց մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարզ դարձան 3 անվանակարգերում հաղթողների անունները։

«Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա» անվանակարգում հաղթեցին մրցույթի ամենափոքր մասնակիցները ՝ դպրոցականներ Աշխեն Արզումանյանը և Էմիլիա Սիմոնյանը՝ իրենց «Կենսապլաստիկները՝որպես կանաչ ապագայի գրավական» նախագծով։

«Կենդանի համակարգեր» նախագծում հաղթեց «Հայերի պարոգենոն» նախագիծը, որը ներկայացնում էին Մարիա Նիկողոսյանը, Անահիտ Հովհաննիսյանը և Հովսեփ Խաչատրյանը։

«Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում հաղթանակը շնորհվեց Մարիամ Ստեփանյանին և Ալբերտ Էմիրբեկյանին՝ «Forest Berg» նախագծի համար։

Մրցույթի ամենափոքր մասնակիցները մեզ հետ զրույցում կիսվեցին տպավորություններով՝ նշելով, որ ցանկություն ունեն ավելի լայնամասշտաբ մրցույթների մասնակցել․ «Առաջիկայում նախատեսում ենք մասնակցել «Diamond Challenge » մրցույթին, որի առաջին փուլն անցկացվելու է այստեղ, իսկ լավագույնները մեկնելու են ԱՄՆ։ Իսկ հաղթած գումարով ուզում ենք սարքավորումներ գնել։ Արդեն կապվել ենք չինական ընկերության հետ, որպեսզի փոքր չափերով, բայց մեր պրոդուկտին համապատասխան սարքավորում ստեղծեն»։

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մրցույթին հատկացվել էր 2 միլիոն դրամագլուխ` կես միլիոնով ավելի։ Այն արտաբյուջետային միջոցներով էր ստացվել՝ հովանավորներ, բարերարներ։ Մրցույթի արդյունքներով, սակայն սպառվեց 1,5 միլիոնը։ Մեր այն հարցին, թե ինչ եղավ կամ կլինի մյուս կես միլիոնի հետ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը նշեց, որ այն պարզապես չի սպառվել․ «Նախորդ տարի եղել է 4 հաղթող ծրագիր, մեկը հատուկ ծրագիր էր, և պահանջ առաջացավ ևս կես միլիոն ավելացնելու։ Այս տարի ստացվեց այնպես, որ երեք ծրագիր արժանացան մրցանակի։ Եվ քանի որ ի սկզբանե մենք չէինք կարող պլանավորել, որ լինելու է հատուկ ծրագիր հետևապես և չէինք կարող բաշխել գումարը։ Իսկ բեմի վրա բաշխելը ճիշտ չի»։

Նա նաև նշեց, որ գոհ է արդյունքներից , միակ խնդիրը սփյուռքից հայտերի բացակայության մեջ էր։ «Սփյուռքի մասով մենք կցանկանայինք, որ հետայսու ավելի շատ ակտիվություն նկատվեր։ Հայտերի ընդունման ժամանակ որոշակի հետաքրքրություն եղել է, բայց, ցավոք, դրանք չեն վերածվել հայտերի։ Մենք սփյուռքում ունենք մեծ ներուժ և, անպայման, պետք է այդ ներուժը այս հարթության մեջ ևս օգտագործենք»,-նշեց Քարամյանը։

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի երեք հաղթող նախագծերը 2018 թվականին հնարավորություն կունենան մասնակցելու «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031