ՀՀ կառավարությունը մտադիր է Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» կուտակած պարտքը ներել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության առաջիկա նիստին ներկայացրած որոշման նախագծից: Ըստ այս նախագծի, նաեւ առաջարկվում է տրամադրված բյուջետային վարկերի մարման ժամկետներում փոփոխություն կատարել:
Կառավարություն ներկայացրած նախագծում նշված է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2013 թվականին «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ վարկային պայմանագիր է կնքել ու այդ պայմանագրում առաջարկվում է կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ 2017 թվականի ապրիլի 1-ին վճարման ենթակա 2,053,759 դոլար վարկի հիմնական գումարի եւ դրա նկատմամբ հաշվարկված 435,841 դոլար տոկոսագումարի մարումն իրականացվելու է սկսած 2017 թվականի հուլիսի 20-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ հավասարաչափ ամսեկան մարումներով:
Առաջարկվում է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության միջեւ 2015-ին կնքված վարկային պայմանագրում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ 2017 թվականի մարտի 25-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 25-ը վճարման ենթակա վարկի հիմնական գումարների մարումն իրականացվելու է սկսած 2018 թվականի մարտի 25-ից, հետեւյալ կերպ՝ 2018 թվականի համար 4,480,000 դոլար, 2019 թվականի համար 4,480,000 դոլար եւ 2020 թվականի համար 11,040,000 դոլար, իսկ 2017 թվականի մարտի 25-ին վճարման ենթակա 232,670 դոլար տոկոսագումարի վճարումը իրականացվելու է սկսած 2017 թվականի հուլիսի 20-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ հավասարաչափ ամսեկան մարումներով:
Ինչ նաեւ առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության եւ ԼՂՀ ֆինանսների նախարարության միջեւ կրկին 2015-ին կնքված մեկ այլ վարկային պայմանագրում կատարել փոփոխություն եւ սահմանել, որ 2017 թվականի մարտի 10-ին վճարման ենթակա 201,205,479 դրամ տոկոսագումարի վճարումը իրականացվելու է սկսած 2017 թվականի հուլիսի 20-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ հավասարաչափ ամսեկան մարումներով:
Կառավարություն ներկայացված նախագծով ֆիննախն առաջարկում է ներել Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի պարտքը, որը ձեւավորվել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն որոշման ընդունման օրը հաշվարկված տույժերով:
Նախագծում նշված է, որ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին տրամադրվել է 24.6 մլն դոլար գումարի չափով բյուջետային վարկ, որը հիմնադրամն ուղղել է «Արցախի ներդրումներ» Հիմնադրամի վերավարկավորմանը: Տրամադրված վարկի գծով 2017 թվականի ապրիլի 1-ին ՀՀ պետական բյուջե պետք է վճարվեր 2,053,759 դոլար վարկի հիմնական գումար եւ 435,841 դոլար տոկոսագումար՝ ընդամենը 2,489,600 Ն դոլար:
ԼՂՀ ֆինանսների նախարարությանը ՀՀ-ն տրամադրել է համապատասխանաբար 20.0 մլն դոլար եւ 9.6 մլրդ դրամ գումարի չափով բյուջետային վարկեր, որոնց գծով 2017թ. մարտի 10-ին պետք է վճարվեր 201,205,479 դրամ տոկոսագումար, իսկ մարտի 25-ին 1,666,667 դոլար գումարի չափով վարկի հիմնական գումարի մարում եւ 394,521 դոլար տոկոսագումար՝ ընդամենը 2,061,188 դոլար եւ 201,205,479 դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ գրված է ՝ «Նշված գումարները վարկառուների կողմից տնտեսական գործոնների եւ ԼՂՀ բյուջեի կանխիկ հոսքերում լրացուցիչ լարվածություն չառաջացնելու պատճառով չեն վճարվել, որի արդյունքում՝ ժամկետանց վարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է 5,013,256 (2,489,600 ԱՄՆ դոլար 2,061,188 ԱՄՆ դոլար +201,205,479 դրամ) դոլար:
Առաջարկվել է նշված վարկերի գծով առկա ժամկետանց պարտավորությունների մարումը երկարաձգել 2017թ. հուլիսի 20-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը, իսկ 20.0 մլն դոլար վարկի հիմնական գումարի վճարման համար սահմանել մարման նոր գրաֆիկ՝ 2018-2020թթ ընթացքում իրականացնելու համար:
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի եւ ԼՂՀ ֆինանսների նախարարության միջեւ կնքված վարկային պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ միաժամանակ դադարեցնելով վերոհիշյալ վարկային պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ որոշման ընդունման օրը հաշվարկված տույժերով ձեւավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով»:
Ամենայն հավանականությամբ, կառավարության դեկտեմբերի 7-ի նիստին այս նախագծին հավանություն կտրվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ