Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ն պետք է դառնա Հայաստանում գիտական և տեխնոլոգիական մտքի ներդրման առաջատար հաստատություն. Արմեն Դարբինյան

Դեկտեմբեր 04,2017 19:55

Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը դեկտեմբերի 4-ին մեկնարկել է ՀՌՀ 20-ամյակին նվիրված 12-րդ ամենամյա գիտաժողովը: Այս տարվա գիտաժողովին ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար և հասարակական գիտական ուղղություններով ներկայացվելու է ավելի քան 331 զեկույց:

Գիտաժողովի բացումից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են օրերս հանկարծամահ եղած միջազգային ճանաչում ունեցող մեծ գիտնական, Հայ-Ռուսական համալսարանի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Վարդապետյանի հիշատակը:

Բացման խոսքում Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը նշել է, որ համալսարանի համար այս հոբելյանական տարում տեղի են ունեցել բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ(«Ազգային անվտանգության հիմնախնդիրները համաշխարհայնացման և ինտեգրման պայմաններում» երկօրյա գիտագործնական ֆորում, Միջազգային մարդասիրական իրավունքի 10-րդ հոբելյանական գիտաժողովը, «Գլոբալ մարտահրավերներին՝ ռազմավարական քաղաքականության լուծումներ» խորագրով համաժողովը (Հայաստանյան նստաշրջանը) և այլն): «Հայ-Ռուսական համալսարանն այս տարիների ընթացքում իր գիտական ներուժով բավական լայն ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում»,-շեշտել է նա:

Իր հերթին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցել է նրա օգնական Սվետլանա Կոսինչիկովան: «Հայ-Ռուսական համալսարանում մատուցվող կրթության որակի գլխավոր ցուցանիշն աշխատաշուկայում ձեր շրջանավարտների մշտական բարձր պահանջարկն է, ինչը շատ խոսուն փաստ է»,-նշված է Իվան Վոլինկինի ողջույնի խոսքում:

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ընդգծել է, որ ՀՌՀ-ն ամենամոտ ապագայում պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը: «Այս տարիներին մեր բոլորիս ջանքերով Հայ-Ռուսական համալսարանը դարձել է տարածաշրջանի լավագույն ԲՈՒՀ-երից մեկը: Դա ուրախալի և պարտավորեցնող փաստ է: Սակայն, եկել է ժամանակը, որ մենք մեր առջև դնենք հաջորդ նպատակը՝ դառնալ մեր երկրում գիտական և տեխնոլոգիական մտքի ներդրման առաջատար հաստատություն»,- նշել է  նա` հավելելով, որ ՀՌՀ-ն պետք է ընդլայնի և զարգացնի իր կապերը աշխարհի առաջատար ԲՈՒՀ-երի հետ և իր գիտական «արտադրանքով» նշանակալի ներդրում ունենա Հայաստանի տեխնոլոգիական, կրթական, մշակութային և այլ ասպարեզների զարգացման գործում:

ՀՌՀ 20-ամյակին նվիրված 12-րդ ամենամյա գիտաժողովի բացմանը զեկույցներով հանդես են եկել ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը(«Հայաստան – 2020. նոր քաղաքական տնտեսության անհրաժեշտությունը» թեմայով) և ՀՌՀ Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի Կենսաքիմիայի, բիոինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ Արսեն Առաքելյանը(«Բիոինֆորմատիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով):

Հայ-Ռուսական համալսարանի 12-րդ ամենամյա գիտաժողովն ավարտվելու է դեկտեմբերի 8-ին:

ՀՌՀ  մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031