Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քեթրին գրուպի» գործերն այս տարի լավ են եղել, բայց հարկ քիչ են վճարել

Դեկտեմբեր 04,2017 19:33

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին խոշոր ներմուծող հանդիսացող «Քեթրին գրուպ» ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քիչ հարկ է վճարել:

Ըստ ՊԵԿ-ի հրապարակած այս տարվա 3-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկի, «Քեթրին գրուպը» 798 միլիոն 204 հազար դրամ հարկային եւ մաքսային վճարներ է կատարել պետական բյուջե: Իսկ 2016 թվականի 9 ամիսների վճարած հարկային եւ մաքսային մուտքերն այս ընկերության կազմել են 841 միլիոն 136 հազար դրամ: Այսինքն՝ այս տարվա 9 ամիսներին «Քեթրին գրուպը» մոտ 43 միլիոն դրամ ավելի քիչ հարկ է վճարել, քան անցյալ տարվա 9 ամիսներին:

Մինչդեռ նկատենք, որ անցյալ տարի տնտեսական աճը 0 % էր, որը բացասական ազդեցություն էր թողել բիզնեսի վրա: Իսկ այս տարի հունվար-հոկտեմբերի ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 7%, կանխատեսվում է տարին փակել 4-4.3% տնտեսական աճով:

Այս ցուցանիշները հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ «Քեթրին գրուպի» գործերն էլ պետք է լավ լինեին այս տարի եւ ավելի շատ հարկեր վճարեր:

Ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բադալյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ այս տարի ավելի քիչ հարկ են վճարել, արդյոք ընկերության գործերը լավ չէի՞ն, կամ խնդիրներ են ունեցել: Բադալյանը վստահեցրեց, որ ընկերության գործերը լավ են, նույնիսկ ներմուծվող որոշ ապրանքների ծավալներն են ավելացել: Թե ի՞նչն է պատճառը, որ գործերը լավ լինելուն զուգահեռ այս տարվա 9 ամիսներին ավելի քիչ հարկ են վճարել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, պարոն Բադալյանը հետեւյալ կերպ պարզաբանեց.«Տարբերությունը շատ չէ: Օրինակ՝ նախանցյալ տարվա համեմատ էլ 20 միլիոն դրամով ավելի ենք վճարել: Քանի որ ամբողջ հարկատեսակներն են, կարող է ժամանակագրական առումով տատանումներ լինեն՝ մի մասով՝ ավել, մի մասով՝ պակաս: Ասենք՝ կարող է անցած տարի կանխավճարը շատ վճարած լինենք, նախանցած տարի՝ մի քիչ քիչ»:

Բադալյանը վստահեցրեց՝ ընկերության նախատեսած ծրագրով ցուցանիշների զգալի փոփոխություն չի լինի անցյալ տարվա համեմատ. «Կարծում եմ՝ տարեվերջին թվերը նույնը կլինեն, դեռ մի բան էլ ավել: Այնպես որ, ոչ մի ճգնաժամ, սպառման ծավալների նվազեցում, համենայնդեպս, մեզ մոտ, մեր գործունեությունում չկա»:

2016 թվականի 0% տնտեսական աճի ու այս տարվա 7% տնտեսական ակտիվության պայմաններում այս տարիներին, ինչպես Բադալյանն ասաց, «Քեթրին գրուպի» գործունությունում նկատելի փոփոխություն չի եղել:

«Ներմուծվող ապրանքների որոշակի ծավալների աճ է եղել: Մենք «Humana» մանկական կեր ենք ներմուծում, աճ է եղել, «Նատախտարի» եւ «Նապեղլավի» լիմոնադի եւ հանքային ջրերի ներմուծման որոշակի աճ ենք ունեցել: Մրգերի մասով էլ աճ ենք գրանցել:

Ինչ վերաբերում է բանանի շուկային՝ այստեղ «Քեթրին գրուպը» դեռ անցյալ տարի մենաշնորհային դիրք ուներ, եւ հետեւաբար գին էր թելադրում շուկայում, իսկ հիմա շուկայում, ճիշտ է, ոչ մեծ ծավալի, բայց այլ «խաղացողներ են» հայտնվել: Արդյոք «Քեթրին գրուպը» բանանի շուկայում զգում է մրցակցի առկայություն, եւ արդյոք բանանի ներմուծման ծավալների նվազում կամ աճ ունեցել են, մեր այս հարցերին ի պատասխան Բադալյանն ասաց.«Այո, մենք դա ասել ենք, կան ներկրողներ՝ մանր ու միջին: Բայց մենք դրանով երկար ժամանակ է զբաղվում ենք: Ողջունելի է, խնդիր չեմ տեսնում, իսկ ներմուծման քանակները մեզ մոտ չեն պակասել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031