«Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանը չի կարծում, որ Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը Թուրքիան կբավարարի:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ախոյանը տեղեկացրեց, որ մեկ օր առաջ խոսել է նրանց հետ. «Ոչ մի արտառոց բան չկա. դեռ կատակով ասացի, եղբա՛յր, եթե զգաք, որ ձեզ վտանգ է սպառնում, ասեք, ես էլ գամ, ձեր կողքը նստեմ»:
Արագած Ախոյանի համոզմամբ՝ այս երևույթները լինելու են շարունակական. «Բոլորը հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք չէ կապել 3-րդ երկրների հարաբերությունների հետ: Այնպես որ, մենք պետք է ինքներս աշխատենք ու ամեն ինչ անենք նման միջոցառումներով ու ձևերով խնդիրը բարձրացնելու համար»:
Պարոն Ախոյանն ասաց, որ սկզբից էլ այդ չորս մտավորականները տեղյակ են եղել հնարավոր հետևանքների մասին: Արագած Ախոյանը պարզաբանեց, որ նրանց այցը շուրջ մեկ տարի պլանավորվում էր: Պարոն Ախոյանի համոզմամբ՝ այդ անձինք խաղաղության դեսպաններ են, որ եկան ու ամեն ինչ իրենց աչքերով տեսան: Հիշեցնենք, որ Արցախ էին այցելել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը, ակադեմիկոս, գրող, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն, գրող, ակտիվիստ Սայիդ Չեթինօղլուն և Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն:
Անդրադառնալով Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը Թուրքիայի կողմից բավարարվել-չբավարերվելու հարցին՝ պարոն Ախոյանն ասաց. «Երբեք ոչ մի իրեն հարգող պետություն իր քաղաքացիներին չի արտահանձնի մեկ այլ պետության, եթե քրեական լուրջ հանցագործություն չի կատարում: Քաղաքական հաշվարկները բոլորն արված են մանրակրկիտ, մենք դրա մասին բոլորս նախօրոք գիտեինք ու մտածել էինք»:
Ստամբուլահայ, թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագոզյանը շատ հավանական համարեց, որ Արցախ այցելած մտավորականները հանձնվեն Ադրբեջանին: Այս առիթով նա տեղեկացրեց, որ զրուցել է Սայիդ Չեթինօղլուի հետ ու մանրամասնեց. «Մենք չենք կարող անտեսել այն խնդիրը, որ Թուրքիան և Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն հատկապես հակահայկական խնդիրների հարցում:
Շատ հավանական է, որ Թուրքիայի կողմից հանձնվեն Ադրբեջանին այդ չորս մտավորականները, քանի որ Թուրքիայում իրենք պետության կողմից չսիրված անձեր են: Ուստի շատ հավանական է, որ իրենք հանձնվեն Ադրբեջանին և իրենք իրենց պատիժը կրեն այդ երկրում, և Թուրքիան էլ գոհ լինի: Երեկ ինձ հետ զրույցում Սայիդ Չեթինօղլուն ասաց, որ դատախազության կողմից ինքը հարցաքննվել է, և որոշվել է գործ հարուցել իրենց նկատմամբ: Հենց Թուրքիայում են դատվելու և հավանական է, որ հանձնվեն Ադրբեջանին»:
Տիրան Լոքմագոզյանը հիշեցրեց՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը միջազգային կազմակերպություններին՝ հատկապես Ինտերպոլին օգտագործում է իր անձնական խնդիրների հետ կապված: Նա օրինակ բերեց Զորի Բալայանի դեպքը, երբ, բարեբախտաբար, այնպես չեղավ, որ նրան հանձնեն Ադրբեջանին: Պարոն Լոքմագոզյանը ցավով նշեց, որ վերջերս Թուրքիան էլ հաճախ այդ ճանապարհն է օգտագործում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ